Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի անձնական հարկային վճարման բացահայտումը միապետության պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա թագավորական ընտանիքի ֆինանսների թափանցիկության վերաբերյալ աճող հանրային և խորհրդարանական ճնշման ֆոնին, հաղորդում է The Telegraph-ը։
Սուվերեն դրամաշնորհի մասին տարեկան հաշվետվության հետ միաժամանակ կհրապարակվի նաև թագավորական արքունիքի նոր ընդլայնված ֆինանսական փաստաթուղթը։ Այն պետք է միավորի միապետության հանրային և մասնավոր ծախսերի տվյալները և, ինչպես նշվում է, «արդիականացնի և համակարգված դարձնի» թագավորական տան ֆինանսների բացահայտումը։
Առաջին անգամ հաշվետվության մեջ կներառվի թագավորի 2024–2025 ֆինանսական տարվա անձնական հարկային վճարումների ընդհանուր ծավալը։ Հետագայում նման տվյալները նախատեսվում է հրապարակել ամեն տարի։ Պալատի տվյալներով, նմանատիպ գործելակերպը դիտարկում է նաև գահաժառանգ արքայազն Ուիլյամը, որը նախկինում սահմանափակվում էր հարկերի վճարման մասին ընդհանուր հայտարարություններով՝ առանց կոնկրետ գումարների բացահայտման։
Տեղեկատվության բացահայտումը կընդգրկի միապետի մասնավոր եկամտի բոլոր հիմնական աղբյուրները, ներառյալ ներդրումները, առևտրային գործունեությունից եկամուտները, ինչպես նաև անձնական կալվածքներից՝ Բալմորալի և Սանդրինգեմի կալվածքներից ստացվող մուտքերը։ Առանձին հաշվառվում է նաև Լանքասթերի դքսությունից ստացվող եկամուտը, որը խոշոր ներդրումային-անշարժ գույքային պորտֆել է և թագավորին տարեկան բերում է տասնյակ միլիոնավոր ֆունտեր։
Պաշտոնական հաշվետվությունների համաձայն, անցյալ տարի Լանքասթերի դքսության եկամուտը կազմել է մոտ 26,8 մլն ֆունտ ստեռլինգ։ Այդ միջոցները կազմում են միապետի, այսպես կոչված, «անձնական գանձարանը» և օգտագործվում են ինչպես մասնավոր ծախսերի, այնպես էլ պաշտոնական պարտականությունների համար։
Բուքինգհեմյան պալատում ընդգծում են, որ հարկային տվյալների հրապարակումն ունի կամավոր բնույթ։ Միապետի և գանձապետարանի միջև գործող 2013 թվականի համաձայնագրով, թագավորը իրավաբանորեն պարտավոր չէ վճարել եկամտային հարկ, կապիտալի աճի հարկ և ժառանգության հարկ։ Սակայն թե՛ Չարլզ III-ը, թե՛ արքայազն Ուիլյամը կամավոր կերպով վճարում են հարկեր։
Ավելի վաղ, դեռ այն ժամանակ, երբ Չարլզ III-ը Ուելսի արքայազնն էր, նա արդեն հրապարակել էր իր հարկային վճարումների և տնային տնտեսության ծախսերի տվյալները։ Օրինակ՝ 2021 թվականի համար վճարված հարկի գումարը կազմել էր 5 մլն ֆունտից մի փոքր ավելի, իսկ 2022 թվականի համար՝ մոտ 5,9 մլն։
Միապետության ֆինանսների նկատմամբ մեծացած ուշադրությունն ուժեղացավ նախկին արքայազն Էնդրյուի (Էնդրյու Մաունթբաթեն-Վինձոր) մասնակցությամբ գույքային համաձայնագրերի շուրջ հասարակական արձագանքից և խորհրդարանական կոմիտեների հետաքննություններից հետո՝ կապված թագավորական անշարժ գույքի վարձակալության և թագավորական կալվածքների օգտագործման հետ։
Քննարկվում են նաև թագավորական ընտանիքի մի շարք անդամների՝ թագավորական անշարժ գույքի օբյեկտներում բնակության պայմանները, ներառյալ արտոնյալ կամ անվճար վարձակալության դեպքերը, ինչպես նաև ենթավարձակալությունից եկամուտ ստանալու հնարավորությունը։
Հաշվետվությունում առանձին ուշադրություն է դարձվում Լանքասթերի և Քորնուոլի դքսությունների կառավարմանը։ Վերջինս եկամուտ է ապահովում արքայազն Ուիլյամին և ներառում է լայնածավալ հողային ու առևտրային ակտիվներ։ Չնայած հարկային արտոնություններին՝ երկու դքսություններն էլ գտնվում են խորհրդարանական և հանրային վերահսկողության ներքո։
Բուքինգհեմյան պալատում հայտարարում են, որ հաշվետվողականության նոր ձևաչափը պետք է բարձրացնի թափանցիկությունը և «մեկ փաստաթղթում» բացատրի միապետության ֆինանսավորման կառուցվածքը՝ ներառյալ եկամուտների աղբյուրները, կառավարման համակարգը և հաշվետվողականության մեխանիզմները։
Ակնկալվում է, որ 2025–2026 ֆինանսական տարվա աուդիտի ավարտից հետո հարկային համախառն վճարի հրապարակումը կդառնա ամենամյա պրակտիկա։