Կիրակի օրը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների վճռորոշ երկրորդ փուլը՝ քվեարկություն, որն ընթանում է քաղաքական խորը բևեռացման և ներքին բռնության նոր ալիքի մտավախությունների ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են առաջադիմական թեկնածու Իվան Սեպեդան և պահպանողական «աութսայդեր» Աբելարդո դե լա Էսպրիելյան։
Երկու հավակնորդներն էլ ավելի վաղ՝ մայիսի 31-ի առաջին փուլում, առաջ անցան ինը մրցակիցներից։ Երկրորդ փուլում նրանք առաջարկում են երկրի կառավարման կտրուկ տարբեր ռազմավարություններ այն պայմաններում, երբ Կոլումբիան բախվում է անվտանգության, կոռուպցիայի, պարտքային բեռի և առողջապահական ճգնաժամի խնդիրների։
Դե լա Էսպրիելյան՝ իրավաբան և ձեռնարկատեր, հանդես է գալիս հանցավորության դեմ պայքարի կոշտ ուժային մոդելի օգտին։ Նրա ծրագրում ներառված է տասը խոշոր բանտերի կառուցում և ճնշիչ միջոցների ուժեղացում, ինչը հիշեցնում է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի քաղաքականությունը, որը կողմնակիցները կապում են սպանությունների մակարդակի նվազման, իսկ քննադատները՝ մարդու իրավունքների խախտումների հետ։ Նրան նաև հրապարակայնորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սեպեդան՝ իշխող քաղաքական գծի ներկայացուցիչը և պաշտոնաթող նախագահ Գուստավո Պետրոյի շարժման ժառանգորդը, պնդում է «համընդհանուր խաղաղության» քաղաքականության շարունակման վրա՝ երկխոսություն անօրինական զինված խմբավորումների հետ և բանակցությունների փորձեր։ 2022 թվականին մեկնարկած այս մոտեցումը առայժմ սահմանափակ արդյունքներ է տվել, թեև այս շաբաթ փոքր զինված ջոկատներից մեկը (մոտ 100 մարդ) սկսել է զինաթափման և վերաինտեգրման գործընթացը։
Առաջին փուլն ավարտվել է հետևյալ արդյունքներով․ Սեպեդան ստացել է ձայների 41%-ը, դե լա Էսպրիելյան՝ 44%, ըստ պաշտոնական տվյալների։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քան 41 միլիոն ընտրող։
Քաղաքական լարվածությունը սրվել է առաջին փուլից հետո․ հնչում են մեղադրանքներ կեղծիքների, կաշառքի և ահաբեկման մասին։ Նախագահ Պետրոն, չներկայացնելով ապացույցներ, կասկածի տակ է դրել քվեարկության արդյունքներնայն բանից հետո, երբ Սեպեդային չհաջողվեց դուրս գալ առաջատարների շարքը՝ չնայած հարցումների ավելի վաղ կանխատեսումներին։
Իրավիճակը բարդացնում է նաև երկրում բռնության աճը։ Անցյալ տարի իշխանությունները գրանցել են 14 780 սպանություն՝ առնվազն 2015 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։ Կտրուկ աճել է նաև շորթումների թիվը՝ 2025 թվականին հասնելով 13 417 դեպքի։ Զոհվածների թվում է եղել նաև պահպանողական նախագահական թեկնածու Միգել Ուրիբեն։
Կարևոր դեր ունի նաև պատմական համատեքստը․ ներկա ընտրությունները տեղի են ունենում FARC խմբավորման հետ խաղաղության համաձայնագրից տասը տարի անց, որը պետք է վերջ դներ երկարամյա հակամարտությանը։ Սակայն զինված խմբերը մասամբ վերադարձել են բռնությանը՝ մեծապես թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված լինելու պատճառով։
Փորձագետներն ու երկրի բնակիչները նշում են բևեռացման բարձր մակարդակը և մտավախություն հայտնում, որ ընտրությունների արդյունքը կարող է հանգեցնել հետագա սրմանը, եթե պարտված կողմը չընդունի քվեարկության վերջնական արդյունքը։