
Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր պաշտոնական ալիքով հայտարարել է, որ «Ղրիմի բենզալցակայաններում վառելիքի վաճառքը դադարեցվել է այսօր՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարումների, ինչպես նաև կտրոններով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վառելիքը կվաճառվի միայն այն պետական մարմիններին, որոնք ապահովում են Ղրիմի Հանրապետության գործունեությունը և անվտանգությունը»։
Կարճ ասած, Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է: Այն է, ուկրաինական կողմին հաջողվում է թերակղզին պահել բլոկադայի մեջ: Իսկ դա էլ հուշում է, որ կարող է խնդիրը վառելիքից անցնել այլ ոլորտների:
Ու Ակսյոնովի նման հայտարարության ֆոնին, ռուսական փորձագիտական աղբյուրը շատ պարզ հարցադրում է անում. «Իսկ ինչո՞ւ Ուկրաինայում այդպես չէ»։
Այն է, Կիեւին հաջողվում է միջուկային երկիր հանդիսացող Ռուսաստանի մասը պահել բլոկադայի մեջ: Բայց Ռուսաստանը, որը հնարավորություն ունի գոնե Ուկրաինա մտնող հիմնական ուղիները փակել, պատերազմի սկզբից ի վեր այդ ուղղությամբ ոչինչ չի արել: Ու այս դեպքում հարցը մեխանիկորեն է առաջանում. դա ռուսական բարձրաստիճան զինվորականության թերացո՞ւմն է, թե՞ պատճառները շատ ավելի խորքային են: