Արտենի գյուղի մոտակայքում այսօր՝ հունիսի 22–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին NEWS.am—ին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։