Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ

Հունիսի 21-ի երեկոյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքում հայտնվել է «ՄՈՍԿՎԱՆ ԱՅՐՎԵԼՈՒ Է» գրառումը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր գնելու նպատակով դրամահավաքի հղումներ։

Գրառումները հրապարակվել են «Սերգեյ Սոբյանին. Անձնական բլոգ» ալիքում, որն ունի մոտ 40 հազար բաժանորդ (Սոբյանինն ունի նաև մեկ այլ ալիք՝ 358 հազար բաժանորդով)։

Ինչպես նշում է «Մեդիազոնա»-ն, հրապարակված նյութերի թվում եղել են հղումներ՝ ուղղված ուկրաինացի զինվորականների համար դրոններ գնելու «Ստերնենկոյի համայնք» (Спільнота Стерненка) հիմնադրամի դրամահավաքին։

Շատ չանցած՝ տելեգրամյան ալիքը փակվել է։ Էջի արխիվային տարբերակը պահպանվել է «TgStat» ծառայությունում։ Առավոտյան ալիքում արդեն հայտնվել են քաղաքապետի նախկին հրապարակումները, որոնցից վերջինը թվագրված է հունիսի 17-ով։

Մոսկվայի քաղաքապետարանից դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *