Նոբելյան մրցանակն ինձ օգնեց վերամիավորվել արմատներիս հետ․ Արտեմ Պատապուտյանի հարցազրույցը

2021 թվականին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած նյարդակենսաբան Արտեմ Պատապուտյանը հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հարցազրույցում ասել է, որ իր մասնագիտական ուղին ընտրել է՝ տարվելով հիմնարար կենսաբանության գրավչությամբ։

«Որպես փախստական Լիբանանից՝ չէի պատկերացնում, որ կդառնայի գիտնական, իսկ առավել ևս՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր», – ասել է Պատապուտյանը։

Լիբանանի Բեյրութ քաղաքում հաշվապահի և ուսուցչի ընտանիքում 1967 թվականին ծնված Պատապուտյանը, հիշելով մանկությունը, ասում է, որ այն եղել է սովորական, երբեմն նույնիսկ՝ անհոգ ու լուսավոր։

«Հիշում եմ Լիբանանի գեղեցկությունը, համեղ խոհանոցը, այցելությունները Միջերկրական ծով և շրջակա լեռներ, ինչպես նաև ամռան ամիսներին բնության մեջ ազատ ու անարգել խաղալը», – ասում է գիտնականը։

Սակայն 1975 թվականին Բեյրութում սկսվում են կրոնական խմբավորումների միջև բախումները։ Մարդկանց կյանքը խաթարվում է պարետային և էլեկտրականության սահմանափակ ժամերով, ջրամատակարարման խնդիրներով և ռմբակոծություններով։

Պատապուտյանը հիշում է՝ տարեցտարի իրենց դասարանը փոքրանում էր․ հայ ընտանիքները մեկը մյուսի հետևից հեռանում էին՝ պատերազմից փրկվելու համար։ Նրա խոսքով՝ ավագ դպրոցի առաջին տարում իրենց դասարանում սովորում էր ընդամենը 5 աշակերտ։

«Ես հինգից զբաղեցնում էի երրորդ տեղը․ միջին առաջադիմությամբ աշակերտ էի։ Հաջորդ տարի դպրոցը փակվեց», – ասում է Պատապուտյանը։

Նրա խոսքով՝ միայն այն ժամանակ, երբ ընդունվեց ավելի բարձր ակադեմիական պահանջներով ավագ դպրոց, բացահայտեց՝ որքան է սիրում մաթեմատիկայի և բնագիտության դասերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Բեյրութի Ամերիկյան համալսարան:

Մի օր, սակայն, տեղի է ունենում այն, ինչն ամբողջությամբ փոխում է Արտեմի կյանքը։ Նա բնակվում էր Արևմտյան Բեյրութում, սակայն մի օր խնջույքից հետո գիշերը որոշել էր մնալ ընկերոջ տանը՝ Արևելյան Բեյրութում։ Առավոտյան տուն վերադառնալիս՝ քաղաքի երկու հատվածները բաժանող սահմանն անցնելիս, լսում է դիպուկահարի կրակոցներ և սարսափած սկսում վազել, ինչը կասկածների տեղիք է տալիս, և զինյալները նրան կարճ ժամանակով կալանավորում են՝ լրտես լինելու կասկածանքով։ Չնայած նրան ի վերջո անվնաս ազատ են արձակում, դեպքը դառնում է նրա կյանքի շրջադարձային կետը։ Զգալով, որ այլևս անվտանգ չէ Լիբանանում մնալը՝ նա տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ, մինչ կրթությունը շարունակելը, մեկ տարի աշխատում է որպես պիցցայի առաքիչ և հայկական թերթի համար աստղագուշակի սյունակագիր։ Այնուհետև շարունակում է ուսումը՝ խորանալով քիմիայի​​​​, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի մեջ: Ուսման ընթացքում, հասկանալով, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է հետազոտությունը, քան պրակտիկ բժշկությունը, որոշում է շարունակել գիտական ուղին և դիմել PhD ծրագրերի։

«Երբ գիշերը՝ Կալիֆոռնիայի ժամանակով ժամը 2։00-ին, հնչեց Նոբելյան մրցանակի մասին զանգը, հեռախոսս «չանհանգստացնել» ռեժիմի վրա էր դրված։ Այնուամենայնիվ, հանձնաժողովին հաջողվել էր կապ հաստատել 94-ամյա հորս հետ, և հենց նա էր, որ այդ լուրը փոխանցեց ինձ», – հիշում է Արտեմը։

«Նոբելյան մրցանակն ինձ օգնեց վերամիավորվել արմատներիս հետ։ Ես հայկական ծագմամբ առաջին Նոբելյան դափնեկիրն եմ, ինչպես նաև առաջինը՝ Լիբանանից․ ուստի, երկու համայնքներն էլ տոնեցին այդ հաջողությունը», – ասում է Պատապուտյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *