Չինաստանն արգելել է ամերիկյան 46 կազմակերպությունների արտադրանքի գնումն ու պատժամիջոցներ սահմանել ևս 10-ի նկատմամբ

Չինաստանն ամերիկյան 10 ընկերություն է ներառել արտահանման հսկողության ենթակա ձեռնարկությունների ցանկում։ Որոշումն ընդունվել է երկրի ազգային օրենսդրության և երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողության կանոնակարգին համապատասխան ձևով։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարությանը։

«Այս քայլին դիմել ենք ազգային անվտանգությունն ու շահերը պաշտպանելու, ինչպես նաև միջազգային պարտավորությունները (այդ թվում՝ զենքի չտարածումը) կատարելու նպատակով»,— նշված է հաղորդագրության մեջ։

Սև ցուցակում հայտնված ընկերությունների թվում են «Aveox, Inc.»-ը, «Ball Aerospace & Technologies Corp.»-ը, «L3Harris Maritime Services, Inc.»-ը և այլն։

Բացի այդ, Չինաստանն արգելել է պատժամիջոցների ցուցակում ներառված ամերիկյան 46 ընկերություններից արտադրանքի գնումը։

Երկրի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոր սահմանափակումներով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին արգելվում է ձեռք բերել նշված ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ «Lockheed Martin Corporation»-ի և «Raytheon Missiles & Defense»-ի արտադրանքը։

Գերատեսչությունից հավելել են նաև, որ այս արգելքը չի տարածվում ամերիկյան ներդրում ունեցող չինական ընկերությունների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *