Քրեական վարույթ պետք է նախաձեռնվի. ԱԱԾ նախկին տնօրեն

«Հրապարակը» ԱԱԾ-ի կողմից ինֆորմացիայի անօրինական արտահոսքի մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ:

– Պարոն Համբարձումյան, Ձեր նախորդ հարցազրույցում Դուք պարզաբանել էիք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանի սահմանահատման տեսագրությունը ծառայողական գաղտնիք է հանդիսանում, և այն չէր կարող ԱԱԾ-ի կողմից փոխանցվել լրատվամիջոցին։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այդ փաստը, ըստ էության ընդունեց, որ տեսագրությունը տրամադրվել է ԱԱԾ-ի կողմից, և միաժամանակ արդարացրեց այդ քայլը՝ մեկնաբանելով, որ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել եւ ցանկացած տեղեկություն արտահոսեցնել` դրա մեջ խնդիր չկա: Այսինքն, իրավասու անձինք, ովքեր տնօրինում են նման ինֆորմացիա, իրավունք ունեն արտահոսք կազմակերպել։ Կխնդրեի մեկնաբանել՝ ի վերջո ԱԱԾ-ն իրավասո՞ւ է իր տիրապետած ինֆորմացիան հրապարակել, արտահոսք տալ։

– Ծառայողական գաղտնիքը կարող է հրապարակվել միայն այն դեպքում՝ եթե չի պարունակում անձնական տվյալ, և դրանով չի խախտվում մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Առանց անձնական տվյալների սուբյեկտի՝ տվյալ դեպքում Նախագահ Քոչարյանի համաձայնության, մշակողը, այսինքն՝ ԱԱԾ-ն, այդ տվյալները չէր կարող փոխանցել երրորդ անձանց, այսինքն՝ լրատվական միջոցին։ Նույնը կարող ենք ասել պետական, բանկային, բժշկական, ապահովագրական և այլ գաղտնիքների մասով. դրանք որևէ կերպ չեն կարող կամայականորեն հրապարակվել այդ ինֆորմացիան կրողների, հավաքողների, պահողների կողմից։ Յուրաքանչյուր կատեգորիայի համար կա սահմանված ընթացակարգ, որը խստիվ պետք է պահպանել։

– Իսկ կարո՞ղ ենք պնդել, որ օդանավակայանի այդ տեսագրությունն անձնական տվյալ է։

– «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է հանդիսանում ֆիզիկական անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս նույնականացնել անձի ինքնությունը։ Հետևաբար՝ այո՛, անձնական տվյալ է։

– Անձնական տվյալների ապօրինի հրապարակումն արդյոք կարո՞ղ է հանգեցնել քրեական պատասխանատվության։

– Այո՛, անձնական տվյալների ապօրինի հրապարակումը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, եթե պաշտոնատար անձն իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալներն ապօրինի հրապարակել է։

– Փաստորեն, երկու դեպքում էլ քրեական վարույթ պետք է նախաձեռնվի. առաջինը, եթե անձնական տվյալ հանդիսացող տեսագրությունը պաշտոնապես տրամադրվել է ԱԱԾ կողմից և երկրորդ` եթե ԱԱԾ-ից անօրինական արտահոսք է թույլ տվել: Իսկ ինչո՞ւ իրավապահները չեն արձագանքում, քրեական վարույթ չի նախաձեռնվում, ո՞րն է պատճառը:

– Կարծում եմ, պատճառը երկրում առկա քաղաքական իրավիճակն է, հատկապես՝ ընտրություններով պայմանավորված: Նախագահի հետամուտ լինելու դեպքում նման վարույթ վաղ թե ուշ կարող է նախաձեռնվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *