1778 թվականին երիտասարդ երաժիշտ Մարի-Լուիզ-Ֆիլիպեն դը Բոնիեր դը Գինը Փարիզում երաժշտության դասի ընթացքում փորձում էր մեղեդի հորինել։ Նա 15 րոպե շարունակ գլուխ էր կոտրում, երբ վերջապես նրա ուսուցիչը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, գրեց մեղեդու սկիզբը և խնդրեց նրան շարունակել այն։
Ավելի ուշ հորն ուղղված նամակում Մոցարտը բողոքել է, որ իր աշակերտուհին՝ դուքսի դուստրը և տաղանդավոր տավիղահարուհին, երաժշտության տեսական հատվածին բավականին լավ է տիրապետում, սակայն «ստեղծագործական միտք ընդհանրապես չունի»։ Դեպքը, հնարավոր է, հիասթափեցրել կամ բարկացրել է Մոցարտին, սակայն դարձել է հետագա սերունդների համար անգնահատելի ժառանգության ստեղծման առիթ․ ուրբաթ Ֆրանսիայի Ազգային գրադարանը հայտարարել է դը Գինի հետ Մոցարտի դասերից պահպանված 44 էջանոց նոթատետրի հայտնաբերման մասին․ գրում է The New York Times-ը։
Նոթատետրը բացառիկ պատկերացում է տալիս Մոցարտի ուսուցման մեթոդի վերաբերյալ․ այնտեղ երևում են նրա կատարած ուղղումներն ու դը Գինի աշխատանքների կատարելագործումները։
Հայտնագործությունը նաև ներառում է ֆլեյտայի և տավիղի համար նախատեսված և մինչ այժմ անհայտ 7 ստեղծագործություն։ Փորձագետների գնահատմամբ, թեև դրանք իր ուսուցչի ուղղորդմամբ գրել է դը Գինը, հենց Մոցարտն է դրանց զգալի հատվածի հեղինակը։
Նոր հայտնաբերված ստեղծագործություններն առաջին անգամ հանրության համար հնչել են կիրակի։ Ստեղծագործությունները հիմնականում թեթև, կարճ գործեր են։
Մոցարտի նամակների շնորհիվ իմանում ենք, որ նա դը Գինին դասավանդել է 1778 թվականի մայիսից մինչև հուլիս ամիսներին։
Աղջկա հայրը հույս ուներ, որ դուստրը կդառնա ֆլեյտայի և տավիղի համար սոնատներ գրելու համար հմուտ կոմպոզիտոր։