Հնդկաստանը քննարկում է ԱՄԷ-ին ՀՕՊ համակարգեր և BrahMos հրթիռներ վաճառելու հարցը. Reuters

Հնդկաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հակաօդային պաշտպանության մի շարք համակարգերի, դրանց թվում՝ ռուս-հնդկական համատեղ արտադրության սպառազինության հնարավոր վաճառքի շուրջ։ Դրա մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հնդկական աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրություն է ցուցաբերել մի քանի համակարգերի նկատմամբ, ներառյալ՝ BrahMos գերձայնային թևավոր հրթիռի և Akashteer ՀՕՊ համակարգի նկատմամբ։ Բանակցությունները գտնվում են վաղ փուլում, սակայն, ըստաղբյուրների, բավականին արագ են առաջ շարժվում։

Հնդկաստանի իշխանությունները և Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ ներկայացուցիչները այդ տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։

Ինչպես նշում է Reuters-ը, Հնդկաստանից զենք գնելու ԱՄԷ-ի հետաքրքրությունն ուժեղացել է վերջին տարածաշրջանային հակամարտություններից և հարվածներից հետո, որոնք կապված են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության հետ։

BrahMos հրթիռը մշակվել է Հնդկաստանի և Ռուսաստանի BrahMos Aerospace համատեղ ձեռնարկության շրջանակում և կարող է արձակվել տարբեր հարթակներից՝ ցամաքային, ծովային և օդային։ Դրա հեռահարությունը կազմում է մոտ 290 կմ, իսկ արագությունը գերազանցում է ձայնի արագությունը երեք անգամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *