Ֆրանսիայի հարավ-արևելյան Կարպանտրաս քաղաքում ընտանեկան ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են երկու և չորս տարեկան երկու երեխաների մարմիններ։ Դատախազության տվյալներով՝ նրանց մահվան պատճառ կարող էր դառնալ ուժեղ շոգը։ Ողբերգության մասին հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Le Figaro-ին։
Վոքլյուզ դեպարտամենտի հրշեջները հայտնել են, որ մոտավորապես 13:20-ին ստացված կանչից հետո երեխաները հայտնաբերվել են առանց կենդանության նշանների։ Նրանց մոտ արձանագրվել է սիրտ-անոթային համակարգի գործունեության կանգ։
Ոստիկանության տեղեկություններով՝ 33-ամյա մայրը վերադարձել է գնումներից, երբ երեխաները, ենթադրաբար, ինքնուրույն մտել են ավտոմեքենայի մեջ և ներսում փակվել։
Կարպանտրասի դատախազ Էլեն Մուրժը նշել է, որ մահվան ստույգ պատճառները դեռևս պարզված չեն, սակայն որպես հիմնական վարկած է մնում բարձր ջերմաստիճանի ազդեցությունը։ Կինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և դեռևս ցուցմունք չի տվել։
Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ պահպանվում է անոմալ շոգը, տեղ-տեղ ջերմաստիճանը կարող է հասնել 45 °C-ի։ Այս ֆոնին երկրում փակվել են հարյուրավոր ուսումնական հաստատություններ և սահմանափակումներ են մտցվել՝ կապված շոգ եղանակի հետ։