
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կկարողանա կարգավորել Լիբանանի հարավային շրջաններից զորքերը դուրս բերելու Իսրայելի դժկամության հետ կապված խնդիրը: «Ես խնդիրների լուծման մասնագետ եմ, խնդիրները շատ արագ եմ լուծում, այդ թվում՝ Բիբիի հետ (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու – խմբ․)»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն ստիպել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանից՝ խաղաղություն հաստատելու համար։ Ընդ որում, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչպես է պատրաստվում լուծել այդ հարցը։
Նախօրեին Նեթանյահուն կրկին հայտարարել էր, որ Իսրայելը դեռևս չի պատրաստվում դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից։