Թրամփի հետ հակամարտությունից հետո Մելոնիի վարկանիշն աճել է․ Adnkronos

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքները 2 տոկոսային կետով նպաստել են վերջինիս վարկանիշի աճին։ Այս մասին հայտնել է «Adnkronos» գործակալությունը՝ հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ և հարցումներով զբաղվող «Demopolis» ինստիտուտի տվյալներին։

Մելոնիի աջակցության մակարդակը վերջին 48 ժամվա ընթացքում մայիսին գրանցված 38%-ից բարձրացել է 40%-ի։ Մինչդեռ Թրամփի վարկանիշն իտալացիների շրջանում, «Demopolis»-ի հաշվարկներով, Սպիտակ տանը նրա գտնվելու 18 ամիսների ընթացքում 42%-ից գահավիժել է մինչև 11%։

Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ Թրամփի կողմից Իտալիայի հասցեին հնչած քննադատությունը բեկել է Իտալիայի վարչապետի վարկանիշի անկման միտումը։ Իսկ այդ անկումը պայմանավորված էր գների աճով, ինչն իր հերթին առաջ էր եկել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով էներգակիրների թանկացմամբ։

Անցած շաբաթ Թրամփն ու Մելոնին կոշտ հայտարարություններ են հնչեցրել միմյանց հասցեին։ Մասնավորապես՝ ԱՄՆ առաջնորդը վարչապետին մեղադրել էր ապերախտության և այն բանի համար, որ վերջինս փորձում է բարձրացնել իր վարկանիշը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ արված համատեղ լուսանկարի հաշվին։ Մելոնին էլ ի պատասխան խորհուրդ էր տվել Թրամփին մտածել սեփական վարկանիշի մասին՝ միևնույն ժամանակ նշելով, որ Թրամփի հետ ընկերությունն ամենևին չի նպաստել իր հանրաճանաչությանը։

Այս վեճը երկու առաջնորդների միջև ընթացող հակամարտության նոր փուլն է։ Դրանից առաջ Իտալիայի վարչապետը հրապարակավ պաշտպանել էր Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ անընդունելի համարելով նրա հասցեին ԱՄՆ ղեկավարի արտահայտությունները։ Թրամփն իր հերթին Իտալիային, ինչպես և եվրոպական մյուս գործընկերներին, մեղադրում է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը չաջակցելու և Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում օգնելուց հրաժարվելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *