ԱՄՆ-ն արդեն 28 անգամ փոխհատուցել է Վենեսուելայում իրականացված գործողության ծախսերը․ Թրամփ

Միացյալ Նահանգներն արդեն ավելի քան 28 անգամ փոխհատուցել է Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության ծախսերը՝ այդ երկրի նավթային պաշարների հաշվին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վենեսուելա։ Դա մեկօրյա գործողություն էր։ Իսկ հիմա մենք Վենեսուելայի հաշվին հրաշալի գումարներ ենք աշխատում, և հենց Վենեսուելայի գործերն էլ վատ չեն։ Մեզնից ուղիղ 48 րոպե պահանջվեց այդ պատերազմում հաղթելու համար։ Չեք հավատա, բայց մենք արդեն 28 և ավելի անգամ փոխհատուցեցինք այս պատերազմի ծախսերը։ Որովհետև մենք միլիոնավոր բարել նավթ ենք դուրս բերել այնտեղից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքի արվարձանում տնտեսական հարցերին նվիրված իր ելույթի ժամանակ։

«Եվ մեզ (ԱՄՆ-ին ու Վենեսուելային) հաջողվում է հրաշալի լեզու գտնել միմյանց հետ»,- կարծում է Թրամփը։ «Այն մարդիկ, ովքեր հիմա ղեկավարում են երկիրը (Վենեսուելան), մեր մարդիկ են, հիանալի մարդիկ»,- հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին, ձերբակալել ու երկրից դուրս բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առաջ։ Նրանց մեղադրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչություն ունենալու մեջ։ Մադուրոն և նրա կինը չեն ընդունել իրենց մեղքը։ Այժմ Վենեսուելայի պետության ղեկավարի պարտականությունները կատարում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, ով Մադուրոյի օրոք զբաղեցրել է հանրապետության գործադիր փոխնախագահի պաշտոնը։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը Կարակասից կհասնի ամերիկյան նավթային ընկերությունների վնասների փոխհատուցմանը։ Ինչպես խոստացել է Սպիտակ տան տերը, այդ ընկերությունները միջոցներ կհատկացնեն հարավամերիկյան հանրապետության նավթային ենթակառուցվածքների վերականգնման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *