Oragir.News-ի հետ զրույցում ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը նշեց, որ իրենց պահանջը շատ պարզ է՝ բացառել խտրականությունը զինծառայողների միջև։
«Մեր խնդրանքը ընդամենը այն է, որ խտրականություն չլինի մեր երեխաների միջև։ Բոլորն էլ պարտադիր ծառայել են։ Ես ինքս իմ երեխային պարտադրել եմ, որ անպայման ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Դա մեր պարտքն է՝ ինձանից սկսած»,- ասաց նա։
Ծնողի խոսքով՝ իրենք պահանջում են, որպեսզի օրենքը հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ։
«Խնդրում ենք, որ այս օրենքը գործի բոլորի համար։ Եթե 24 ամիսը փոխվել է 18 ամսի, ապա դա պետք է կիրառվի նաև մեր երեխաների վրա։ Չեմ հասկանում՝ ինչու դա հնարավոր չէ։ Եթե ուզում են՝ կարող են դա անել։ Գուցե մենք քաղաքականությունից հեռու ենք, բայց դա չի նշանակում, որ չենք հասկանում՝ հնարավոր է, թե ոչ»,- ընդգծեց նա։
Նա հավելեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ, այլ բացառապես վերաբերում է արդարությանը։
«Մենք ուրիշ ոչինչ չենք ուզում։ Պարզապես խնդրում և պահանջում ենք, որ մեր երեխաներն էլ ընդգրկվեն այդ որոշման մեջ։ Մենք այլ քաղաքացիներ չունենք, սա մեր միակ պահանջն է»,- նշեց ծնողը։
Անդրադառնալով Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը՝ նա ասաց, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել։
«Կարելի է ասել՝ ընդհանրապես ոչ մի դրական պատասխան չի եղել։ Հինգ ծնող էինք ներկա։ Ասացին՝ սպասեք, բայց որևէ կոնկրետ պատասխան չտվեցին։ Եթե լիներ դրական վերաբերմունք, մենք այստեղ չէինք հավաքվի։ Մենք հաճույքի համար չենք գալիս»,- ասաց նա։
Ծնողի խոսքով՝ իրենց խնդրանքը անտեսվում է, և իրենք ակնկալում են հստակ արձագանք։
«Չգիտեմ՝ ինչու են անտեսում ծնողների խնդրանքը։ Պետք է լինի մեկը, ով կլուծի այս հարցը, ոչ թե ձևական ընդունեն ու նորից նույնը կրկնվի։ Մենք պարզապես ուզում ենք, որ այս հարցին գիտակցաբար մոտենան»,- նշեց նա։
Նա կրկին ընդգծեց, որ իրենց հիմնական պահանջը հավասարությունն է։
«Մեր պահանջը մեկն է՝ հավասար իրավունքներ։ Մի քանի օրվա տարբերությամբ ծնված երեխաները տարբեր պայմաններում են ծառայում՝ մեկը 2 տարի, մյուսը՝ 1,5 տարի։ Դա արդար չէ։ Մենք ողջունում ենք, որ ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 18 ամիս, բայց դա պետք է վերաբերի բոլորին»,- եզրափակեց նա։