Կատարն առաջիկա շաբաթներին կվերականգնի ՀԲԳ արտադրության բնականոն մակարդակը

Կատարը, որի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության օբյեկտները նախկինում ենթարկվել էին Իրանի հարձակումներին, առաջիկա շաբաթների ընթացքում ՀԲԳ արտադրությունը կվերադարձնի ստանդարտ ցուցանիշներին։ Այս մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին։

«Մի քանի շաբաթվա ընթացքում արտադրությունը կվերադառնա բնականոն հունին, բացառությամբ մեկ վնասված ձեռնարկության։ Մեր թիմերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ գտնվում են մոբիլիզացված վիճակում։ QatarEnergy ընկերությունը պատրաստվում է գործողությունների կարգավորմանը»,- ասել է նա։

Վարչապետը հստակեցրել է, որ QatarEnergy-ն կչեղարկի մատակարարումների գծով ֆորսմաժորն այն պահին, երբ պարզ դառնա, որ այլևս ոչ մի սպառնալիք չկա։

Նրա գնահատականներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո՝ 30 օրվա ընթացքում, Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է վերադառնա սովորական ռեժիմին։ Այնուամենայնիվ, նա հստակեցրել է, որ վստահության վերականգնման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Վարչապետը նշել է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև արտակարգ կապի գծի ստեղծումը կարևորագույն մեխանիզմ է, որը թույլ չի տա թշնամական ուժերին խոչընդոտել նեղուցով նավերի տեղաշարժին։

Նա նաև զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսության վրա այս ճգնաժամի ունեցած ազդեցությունը, որը բախվել է հանքային պարարտանյութերի, կարբամիդի (միզանյութի), նավթամթերքի և հելիումի մատակարարումների ընդհատումներին, հնարավոր չի լինի հաղթահարել մեկ ակնթարթում. ընդ որում, հետևանքները կարող են զգացվել նաև սեպտեմբերին և հոկտեմբերին։

Նա ընդգծել է, որ Դոհան կդիմադրի Հորմուզի նեղուցով անցման համար տուրքեր գանձելու Իրանի ցանկացած ծրագրի։ Այդուհանդերձ, հուշագրի համաձայն, Իրանը նեղուցի կառավարման հարցը քննարկելու է Օմանի և Պարսից ծոցի մյուս պետությունների հետ։

«Եթե իրանցիներն առաջարկեն նման մոդել, նրանք պետք է հիմնավորեն այն, իսկ մենք պետք է ուսումնասիրենք դա։ Մենք չենք կարող ընդունել մի իրավիճակ կամ պայմաններ, երբ դեպի արտաքին աշխարհ տանող մեր դարպասները գտնվում են ինչ-որ մեկի վերահսկողության տակ»,- պարզաբանել է Ալ Թանին։

Նա նաև ասել է, որ նոր է սկսվում ԱՄՆ-ի և Իրանի միջև մշտական համաձայնագրի շուրջ «իսկական աշխատանքը»։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ այս պահին ցանկալի է մշակել գոնե ընդհանուր պայմանավորվածություններ, իսկ ավելի մանրամասն մշակումը, օրինակ՝ միջուկային խնդիրը, թողնել հետոյին։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգության հարցը հնարավոր է ավելի արագ լուծել, քան միջուկայինը։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Իսրայելը «անհամաչափ» ռազմական քայլեր է ձեռնարկում Լիբանանում և լարվածությունը նվազեցնելու փորձերի փոխարեն նպաստում է իրավիճակի սրմանը։

Վարչապետը ողջունել է նաև Իրանի համար 300 միլիարդ դոլարի չափով ներդրումային հիմնադրամ ստեղծելու գաղափարը, սակայն չի հստակեցրել՝ արդյոք Դոհան միջոցներ կներդնի դրանում, թե ոչ։ Նա պարզաբանել է, որ տարածաշրջանի երկրները փորձում են Իրանի հետ համատեղ ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգի հիմքեր, ինչին կնպաստի նաև տարածաշրջանային պետությունների տնտեսական համագործակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *