Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում առևտրատնտեսական ֆորումին. պարզաբանում

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլի այն տեղեկության վերաբերյալ, որ նախարար Գևորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին:

Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:

Սա է միակ փաստը:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում, մասնավորապես, գրել էր. «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։

Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *