Խիզախ որոշում էր. փաստաբանը՝ Միքայել Սրբազանի գործով՝ Վերաքննիչ դատարանի վճռի մասին

Այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում, չնայած մենք բնականաբար լրիվ արդարացման հիմքերը տեսնում էինք։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որով բեկանվեց Միքայել Սրբազանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և այն ուղարկվեց նոր քննության։

«Բայց էլի կարևոր էր, որ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդհատության կանոնի խախտումը, որը մենք հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացրեցինք, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։

Դատարանը պարզաբանեց, որ այդ հիմքով է բեկանել, այսինքն դատավարական էական խախտում է համարել և գործը ուղարկում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ Այս առումով բնականաբար դրական էր; Այս ճնշումների պայմաններում կարծում ենք իրոք խիզախ որոշում էր»,–ասաց նա։

Արա Զոհրաբյանը նկատեց, որ դատարանը նաև մերժել է դատախազի բողոքը, որով առաջարկվում էր Միքայել Սրբազանին ազատազրկել ոչ թե 2 տարի ժամկեվով, այլ 2.5 տարի։

Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն փոխանցեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշման համաձայն, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։ 

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին՝ դատապարտելով նրան 2 տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։ Պաշտպանության կողմը պահանջել բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջել է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *