Մինչև 2030 թվականը Նիդերլանդներում աշխարհում առաջին լաբորատոր պայմաններում աճեցված տավարի մսի ֆերման տարեկան կարտադրի 150 տոննա միս։ Այս մասին «Известия»-ին պատմել է «KindEarth.Tech»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Իրա վան Էլենը։ Ապագայում տեխնոլոգիան թույլ կտա աճեցնել ոչ միայն տավարի, այլև այլ տեսակի միս կամ նույնիսկ ձուկ՝ կախված տարբեր երկրների ու տարածաշրջանների պահանջարկից և գաստրոնոմիական նախասիրություններից։ Այս պահին, սակայն, ընկերությունը կենտրոնացած է հենց տավարի մսի արտադրության վրա, հավելել է նա։
«Էկոլոգիական տեսանկյունից տավարի մսի արտադրությունն ամենախնդրահարույցն է։ Կովերը մեծ քանակությամբ ջուր են պահանջում և զգալի ծավալի մեթան են արտանետում։ Բացի այդ, նրանց խնամքի համար անհրաժեշտ է նաև ֆերմեր։ Հետևաբար, միանգամայն տրամաբանական է, որ մենք հենց տավարի մսի արտադրությունից սկսեցինք»,- պարզաբանել է Իրա վան Էլենը։
Հունիսի սկզբին Նիդերլանդներում բացվել է լաբորատոր պայմաններում առաջին մասնագիտացված ֆերման։ Հաագայի և Ռոտերդամի միջև գտնվող Շիպլյուդեն քաղաքում տեղակայված այս կառույցը ստեղծվել է գործող կաթնատու ֆերմայի հենքի վրա։