ԵՄ Խորհուրդը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների պատճառով գործող սահմանափումները երկարաձգելու է ևս 12 ամսով։ Պատժամիջոցները կգործեն առնվազն մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։
Որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 18-19-ին անցկացված ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո, որի ընթացքում պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ տնտեսական սահմանափակումների երկարաձգումը։
Եվրամիության տնտեսական պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, իսկ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո դրանք զգալիորեն ընդլայնվել են։ Ներկայում դրանք առնչվում են ռուսական տնտեսության առանցքային ոլորտներին, ներառյալ առևտուրը, ֆինանսները, էներգետիկան, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարումները։
Գործող միջոցների թվում են՝ ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի, ինչպես նաև առանձին նավթամթերքների՝ ԵՄ ներմուծման և փոխադրման արգելքը, սահմանափակումները մի շարք ռուսական ֆինանսական կազմակերպությունների և կրիպտոարժութային ծառայությունների նկատմամբ, որոնք գործում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ երրորդ երկրներում։ Բացի դրանից, Եվրամիությունը կասեցրել է Կրեմլի աջակցությունը վայելող մի շարք լրատվամիջոցների գործունեությունը և հավաստագրերը ԵՄ տարածքում։
ԵՄ Խորհրդում ընդգծել են, որ Եվրամիությունը պատրաստ է պահպանել և անհրաժեշտության դեպքում ուժեղացնել պատժամիջոցային ճնշումն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է այնպիսի գործողություններ, որոնք Բրյուսելը համարում է միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Եվրամիությունն արդեն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20 փաթեթ։ ԵՄ առաջնորդները վերահաստատել են, որ շարունակելու են Ուկրաինային քաղաքական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու իրենց քայլերը։
Եվրոպական խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հետագա ուժեղացման պատրաստակամության մասին, ներառյալ էներգետիկ արտահանումից նրա եկամուտների կրճատումը, այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեության դեմ պայքարը և ռուսական բանկային հատվածի նկատմամբ սահմանափակումների խստացումը։ Այդ կապակցությամբ ԵՄ առաջնորդները կոչ են արել հնարավորինս շուտ ընդունել պատժամիջոցների 21-րդ փաթեթը։
Միաժամանակ, Բրյուսելն աջակցել է պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերին՝ ընդգծելով, որ Եվրոպան մտադիր է կարևոր դեր խաղալ հակամարտության հնարավոր ապագա կարգավորման գործում և պատրաստ է պաշտպանել իր շահերը նման գործընթացի շրջանակում։