Օմանի ծոցում նավի վրա կատարված հարձակումից հետո ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) որոշել է ժամանակավորապես կասեցնել Հորմուզի նեղուցում նավաստիների տարհանման գործողությունը՝ մինչև հավելյալ հստակության ստացումը։ Դրա մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Այս շաբաթ կազմակերպությունը, անդամ պետությունների և արդյունաբերության ոլորտի հետ համագործակցությամբ, սկսել էր տարածաշրջանից նավերի տարհանումը։
«IMO-ի տարհանման ծրագրի գործարկումից հետո, որի շրջանակում արդեն հաջողությամբ տարհանվել են մի քանի նավեր, ես որոշեցի ժամանակավորապես կասեցնել դրա իրականացումը՝ համոզվելու համար, որ անվտանգության անհրաժեշտ երաշխիքները նախկինի պես գործում են մեր տարհանման ցուցակում ներառված նավերի և տարածաշրջանում գտնվող բոլոր անձանց համար։
Ես տեղեկացվել եմ Օմանի ծոցում այսօր տեղի ունեցած հարձակման մասին մի նավի վրա, որն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Այդ նավն իրականացնում էր տարանցիկ անցում՝ առանց IMO-ի սահմանած տարհանման կանոնների պահպանման։ Ես միշտ ընդգծել եմ, որ նավաստիների անվտանգությունը մնում է առաջնահերթ խնդիր։ Ուստի, համակարգված մոտեցում և նավագնացության անվտանգությունն ապահովելու համար տարհանման ծրագրի կատարումը կկասեցվի մինչև հավելյալ հստակության ստացումը։ Այսօր նշվում է Նավաստու օրը, ինչն ընդգծում է Պարսից ծոցում արգելափակված հազարավոր նավաստիների հետագա տարհանման ապահովման կարևորությունը՝ առանց այն վտանգի, որ նրանք կդառնան այս աշխարհաքաղաքական հակամարտության կողմնակի զոհերը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ առաքելության նպատակն է փրկել 11 հազար նավաստիների, որոնք Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով հայտնվել են Հորմուզի նեղուցում:
Ավելի վաղ բրիտանական UK Maritime Trade Operations (UKMTO) գործակալությունը հայտնել էր, որ հինգշաբթի Հորմուզի նեղուցում բեռնատար նավը վնասվել է, երբ Օմանի ափերի մոտ նրան անհայտ արկ է դիպել։