Թրամփը հայտարարել է, որ Իրանը կդառնա ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նոր շուկա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակում Թեհրանի ակտիվների ապասառեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին, Իրանն անվանել է ամերիկյան գյուղտնտարտադրանքի արտահանման նոր շուկա։

«Այն (արտահանման շուկան) մեծ կլինի, կարծում եմ՝ շատ մեծ», – հայտնել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի այգում ամերիկացի ֆերմերների հետ ընթրիքի ժամանակ։

Նախագահը հարցրել է ներկա գտնվող ֆերմերներից, թե ով կցանկանար այցելել Իրան, սակայն, ինչպես նկատել են Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողները, ոչ ոք ձեռք չի բարձրացրել։

Հինգշաբթի The New York Post-ը, հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել էր, որ պայմանավորվածությունների շրջանակում ապասառեցված իրանական միջոցները ԱՄՆ-ում դե ֆակտո չեն հայտնվի իրանական իշխանությունների տնօրինության տակ։ Վաշինգտոնում պնդում են, որ ապասառեցվող միջոցներն ուղիղ փոխանցվեն այն ընկերություններին, որոնցից Իրանը կկարողանա ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանք, բժշկական սարքավորումներ և այլ ապրանքներ։

Իրանական լրատվամիջոցները գրել էին, որ Թեհրանը կստանա 12 միլիարդ դոլար՝ երկու տրանշով։

Չորեքշաբթի Թրամփը հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ը առայժմ Իրանին որևէ գումար չի վճարել և չի փոխանցել գումարներ նախկինում սառեցված իրանական միջոցներից։ Անցած երեքշաբթի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Իրանի ակտիվների ապասառեցումը հնարավոր է, սակայն միջոցները պետք է ուղղվեն ոչ թե իրանամետ խմբավորումների ֆինանսավորմանը, այլ, օրինակ, ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնմանը։

Սակայն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հինգշաբթի հայտնել է, որ Թեհրանը, իր ակտիվների ապասառեցման դեպքում, չի ցանկանում դրանք ծախսել ամերիկյան արտադրանք ձեռք բերելու վրա։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *