ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ երկրաշարժից տուժած Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական բեռ։
«Նախնական տվյալներով՝ հունիսի 29-ին Վենեսուելա կժամանի չվերթ, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կոպենհագենի գլոբալ մատակարարման կենտրոնից կբերի 48 տոննա բժշկական սարքավորում և ջրամատակարարման, սանիտարական պայմանների ու հիգիենայի ապահովման միջոցներ», – ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Մարդասիրական բեռների թվում, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուղարկում է բոլիվարյան հանրապետություն, նշված են հաշմանդամի սայլակներ, վրաններ, առաջին օգնության դեղատուփեր, ջրի մաքրման հաբեր։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղական թիմերն աշխատում են տեղում և կենսական կարևոր օգնություն ցուցաբերում երեխաներին և ընտանիքներին», – նշել է հիմնադրամը։
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել են ստորգետնյա ցնցումների երկու շարք՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվում էին միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 30 հետցնցում։ Հանրապետության առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոյի խոսքով՝ զոհվել է 235 մարդ, ավելի քան 4,3 հազարը վիրավորվել են։ Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Երկրի կառավարությունը ափամերձ Լա Գուայրա նահանգը հայտարարել է աղետի գոտի։