Bloomberg․ Պենտագոնը հնարավոր է համարել ԱԲ դերի ընդլայնումը ռազմական թիրախների ընտրության հարցում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայել է խոցման թիրախների որոշման դոկտրինը՝ նշելով, որ ապագայում այդ գործընթացում արհեստական բանականությանը (ԱԲ) կարող է վերապահվել ավելի նշանակալի դեր։ Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը, որը ծանոթացել է գերատեսչության ներքին փաստաթղթերին։

Ինչպես նշվել է, նոր սկզբունքները նախատեսում են «այնպիսի համակարգերի, որոնցում ԱԲ-ն մարդու վերահսկողության ներքո նախաձեռնում է գործողություններ», անցնելու հնարավորություն, գրել է գործակալությունը՝ ընդգծելով, որ գործող կանոններով «գործողությունները նախաձեռնում է մարդը»։ «Ապագայում մարտական գործողությունների վարման արագությունն ու ԱԲ ոլորտում մեր հակառակորդների հաջողությունները կարող են պահանջել, որ [ԱՄՆ] զինված ուժերը սկսեն կիրառել լիովին ինքնավար համակարգեր», – գործակալությունը մեջբերել է հատված փաստաթղթի այն գլխից, որը նվիրված է ապագայում թիրախների ընտրության կարգին։

«Մեր թիրախների որոշման դոկտրինում կատարված փոփոխությունները բազմամյա համապարփակ գործընթացի արդյունք են և ներառում են տարբեր իրավիճակներում քաղված դասերը», – գործակալությանը հայտնել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը։ Պենտագոնի պաշտոնյան, իր հերթին, նշել է, որ «պաշտպանության նախարարության կողմից կիրառվող ԱԲ տեխնոլոգիաները ինքնավար ռեժիմով չեն ընտրում և չեն խոցում թիրախներ», և որ «հրամանատարությունը պահպանում է վերահսկողությունը յուրաքանչյուր որոշման նկատմամբ»։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ գործողության պլանավորման ընթացքում թիրախների ընտրության համար կիրառել են Claude ԱԲ մոդելի հիման վրա աշխատող Maven Smart System թռիչքների կառավարման հարթակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *