Ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Վենեսուելա է ուղարկվել շուրջ հազար փրկարար 16 երկրից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն։
Նրա խոսքով՝ այս պահին մարդասիրական կազմակերպությունները Վենեսուելայում տարերային աղետին արձագանքում են «արագ և լայնածավալ»՝ աջակցություն ցուցաբերելով կառավարությանը։ Լարկեն նշել է, որ առաջնահերթ են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումն ու աղետից տուժած շրջաններում բժշկական օգնության տրամադրումը։
«Ընդհանուր առմամբ ներգրավված է 25 խումբ՝ ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ բժշկական, աշխարհի տարբեր երկրներից, որոնց կազմում կա հազար փրկարար, և նրանց թիվը կավելանա»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում։
Լարկեն պարզաբանել է, որ իրենց որոնողափրկարարական խմբերն են ուղարկել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հորդանանը, Իսպանիան, Իտալիան, Կատարը, Կոլումբիան, Նիդեռլանդները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան և Էկվադորը։ Նա հավելել է, որ առաջիկայում տեղ կհասնի նաև լրացուցիչ օգնություն Մեքսիկայից և Սալվադորից։
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի շարքի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 235 մարդ, ավելի քան 4,3 հազարը տուժել է։ Տասնյակ շենքեր ավերվել են։ Երկրի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, առափնյա Լա Գուայրա նահանգը հայտարարվել է աղետի գոտի։