Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը


Հայաստան


Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանը։

 

Վազելիս երիտասարդը նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել․ բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը՝ նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, և Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։

 

Ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի հատուկ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար Ալիկ Սարգսյանի խոսքով՝ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։

 

«Ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով՝ արագ կողմնորոշվել ենք և հայտնաբերել ենք փաթեթները»,- նշել է նա։

 

Կպչուն ժապավենով երեք փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *