Փաշինյանը ընտրություններ է կեղծում. 100 հազար ձայների հետ կապված լուրջ հարցեր կան. Ղահրամանյան

Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որը իշխանության եկավ բազմաթիվ խոստումներով, բայց այս 8 տարիների ընթացքում նա ոչ միայն դրժեց իր խոստումները, այլև հերթով կատարեց այն ամենը, ինչը նախկինում քննադատում էր որպես ընդդիմություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Վերջին բանը, որ նա արեց, ընտրություններ կեղծելն էր։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում ընտրագեղծիքների էջը փակված է և որ ինքը պատրաստ է կտրել իր երկու ձեռքերը։ Մենք այսօր Սահմանադրական դատարանի առջև ենք, որովհետև Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ընտրություններ է կեղծել։ Շուրջ 100 000 քաղաքացու ձայների հետ կապված կան լրջագույն հարցեր ու կասկածներ։

Արդյո՞ք պատահական է, որ 80 000 քաղաքացու անձնագրերը նույնականացնող սարքը չի ճանաչել։ Արդյո՞ք պատահական է, որ շուրջ 18000 գաղտնի փակ ցուցակով քվեարկողներ են եղել, որոնց նկատմամբ զրո հանրային վերահսկողություն է եղել։

Այս թվերը, եթե գումարում եք, ստանում ենք 100 000 քաղաքացու ձայն։ Սա հենց այն թիվն է, որով իբրև թե այս փոքրիկ խմբակը առաջ է անցել քաղաքական ընդդիմությունից»,–ասաց նա։

Ղահրամանյանը հայտարարեց, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել բռնապետություն. «Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը հիմա էլ մտադիր է քաղաքացիների անձնական բջջային հեռախոսների վրա վերահսկողություն սահմանել։ Մասնագետները արդեն ահազանգում են, որ սա լրջագույն խնդիր է, ու սա հերթական միջոցն է՝ փորձել հսկողության տակ պահել ընդդիմախոսներին, առհասարակ սովորական քաղաքացիներին, բոլոր նրանց, որոնք կարող են ոչ ասել Հայաստանի թրքացմանը։

Սահմանադրական դատարանը պետք է գտնվի այն լիազորությունների շրջանակում, որի համար կոչված է, չնայած այս իշխանությանը հաջողվեց ստեղծել իր սրտի ՍԴ–ն, բայց որպես ինստիտուցիոնալ կառույց, Սահմանադրական դատարանը պարտավոր է կանգնել ճշմարտության կողքին և չեղարկել կեղծված ընտրությունները։

100 հազար քաղաքացու ձայն անհասկանալի կերպով հարցեր է առաջացրել, շուրջ 60 հազար քաղաքացու ձայն անտեսվել է և փորձ է արվում Ազգային Ժողովից դուրս մղել նրանց։ Այս ամենը չի կարող մնալ անարձագանք»,– ընդգծեց նա։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։

Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *