Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկայա փողոցի վրա գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանի տեղում «Վկուսվիլ» սուպերմարկետ կբացվի։ Ընկերության մամուլի ծառայությունից ՌԲԿ-ին հայտնել են, որ սրճարանային հատվածով խանութի բացումը նախատեսվում է հուլիսին։
Սակայն «Արմենիա» խանութ-ռեստորանի գլխավոր տնօրեն Ալբերտ Ալավերդյանը ՌԲԿ-ի հետ զրույցում նշել է, որ իրենք փակվելու մտադրություն չունեն։ Նրա խոսքով՝ ռեստորանը շարունակում է աշխատել սովորականի պես՝ իր հիմնական գրաֆիկով։
Ավելի ուշ «Վկուսվիլի» մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ իրենց նոր խանութը զբաղեցնելու է 184 քառակուսի մետր տարածք և տեղակայված է լինելու «Արմենիա» ռեստորանի մի հատվածում։
«Արմենիա» խանութ-ռեստորանը Տվերսկայա փողոցում բացվել է դեռևս 1952 թվականին՝ որպես Հայկական ԽՍՀ ֆիրմային գաստրոնոմ։ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992-ին, տարածքն անցել է Մոսկվայի կառավարության սեփականությանը և վարձակալությամբ հանձնվել մասնավոր ընկերության։
2006-2011 թվականներին գաստրոնոմը հիմնովին վերակառուցվել է, ինչի արդյունքում առևտրի սրահը փոքրացել է, և դրան կից սրճարան է բացվել։ Հաստատությունը գտնվում է Տվերսկոյ բուլվար, 28/17 հասցեում։