Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման համար մի քանի ամիս կպահանջվի․ Reuters

Հումանիտար կազմակերպությունները նախազգուշացնում են, որ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացումը երկարատև գործընթաց կլինի՝ ենթակառուցվածքների մասշտաբային ավերածությունների և տուժած շրջաններ հասանելիության սահմանափակ լինելու պատճառով։

Փրկության միջազգային կոմիտեի (IRC) փոխնախագահ և ծրագրային ուղղության ղեկավար Էլինոր Ռեյքսը «Reuters» գործակալությանը հայտնել է, որ կազմակերպությունը դիտարկում է ոչ միայն շտապօգնության հրատապ միջոցառումները, այլև հիմնական պետական ծառայությունների երկարաժամկետ վերականգնումը։

«Սակայն պետք է մտածել նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի մասին։ Սա արձագանք կլինի երկրաշարժերին ամիսների, այլ ոչ թե շաբաթների ընթացքում»,- ասել է նա։

Ռեյքսի խոսքով՝ օգնության առաքումտ բարդանում է երկրի ենթակառուցվածքների վիճակի պատճառով. վնասվել է գլխավոր օդանավակայանը, ինչը դժվարացնում է հումանիտար բեռների մասշտաբային փոխադրումը։ Կոմիտեն օգնության պաշարներ ունի հարևան Կոլումբիայում, սակայն դրանք Վենեսուելա հասցնելու համար անհրաժեշտ է վերականգնել ավիահաղորդակցությունը։

Առաջիկա օրերին Փրկության միջազգային կոմիտեի (IRC) թիմը նախատեսում է կենտրոնանալ տուժածներին առաջին անհրաժեշտության պարագաներով՝ սննդով, ջրով և ժամանակավոր կացարանով ապահովելու, ինչպես նաև առողջապահական հաստատություններին բժշկական պարագաներ մատակարարելու վրա։

Հաղորդվում է նաև, որ Վենեսուելայի հիվանդանոցներն ունեն կենսական նշանակություն ունեցող ռեսուրսների խիստ դեֆիցիտ, այդ թվում՝ ջրի, հակաբիոտիկների, ներերակային ներարկումների համար նախատեսված լուծույթների, անզգայացնող միջոցների և սպառվող նյութերի: Մանկաբույժ Խունիադես Ուրբինա-Մեդինայի խոսքով՝ առնվազն երկու հիվանդանոց՝ Կարակասում և Լա Գուայրայում, երկրաշարժերի հետևանքով մասնակիորեն ավերվել են և չեն դիմացել ծանրաբեռնվածությանը՝ հնացած ենթակառուցվածքների ու վատ տեխնիկական վիճակի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *