ԱՄՆ վարչակազմն աշխատում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստման ուղղությամբ։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին։ Հնդկական IANS գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոյի խոսքով՝ դրան զուգահեռ ավելի վաղ փուլում նախատեսվում է նաև իր սեփական այցը Հնդկաստան, որպեսզի համաձայնեցվեն ապագա օրակարգի առանցքային մանրամասները և առաջ մղվեն երկկողմ պայմանավորվածությունները։
Պետքարտուղարը նշել է, որ ընթացիկ երկխոսության շրջանակներում ԱՄՆ-ն և Հնդկաստանն ակտիվորեն շարժվում են դեպի առևտրային համաձայնագրի կնքում, որը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների կենտրոնական տարրերից մեկը։
Նա ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները գտնվում են առաջխաղացման փուլում և բնութագրվում են որպես կառուցողական։
Դիվանագետի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը Հնդկաստանի հետ հարաբերությունները գնահատում է որպես կայուն և ռազմավարական տեսանկյունից նշանակալի, իսկ փոխգործակցությունն ընդգրկում է առաջին հերթին առևտուրը, ներդրումները և տնտեսական համագործակցության ընդլայնումը։