The Guardian․ Թրամփի Խաղաղության խորհուրդը ձգտում է իմունիտետ ստանալ ձերբակալությունների և դատական վարույթների նկատմամբ

Խաղաղության խորհուրդը, որը ստեղծվել է այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ Գազայի հատվածը կառավարելու համար, պատրաստում է իրեն լայնածավալ իրավական անձեռնմխելիություն տրամադրելու քայլ, հայտնել է The Guardian-ը՝ հղում կատարելով պարբերականի տրամադրության տակ հայտնված բանաձևի նախագծին։

Փաստաթուղթը նաև նախատեսում է կազմակերպության իրավունքը՝ անվճար իր տրամադրության տակ ստանալ Գազայում գտնվող պետական սեփականությունը։

Չորս էջից բաղկացած բանաձևի նախագիծը՝ «ծառայողական օգտագործման համար, սակայն առանց գաղտնիության դրոշմակնիքի» նշումով, լայն իմունիտետ է տրամադրում Խաղաղության խորհրդի բոլոր անդամներին, նրա վարչական ստորաբաժանմանը՝ Բարձր ներկայացուցչի գրասենյակին (OHR), ինչպես նաև պաղեստինյան տեխնոկրատներին, միջազգային ռազմական ուժերին և օտարերկրյա կապալառուներին, որոնք աշխատելու են Գազայի հատվածում։

Փաստաթղթում նշվել է, որ նրանք ազատվում են քրեական հետապնդման ցանկացած ձևից, ներառյալ «ձերբակալությունը, կալանավորումը կամ դատական վարույթները Գազայի դատարաններում կամ այլ մարմիններում»։ Միևնույն ժամանակ, չի հստակեցվում, թե ենթադրվող իմունիտետը տարածվում է միայն հատվածի տարածքի, թե նաև միջազգային դատական ատյանների վրա։

Բանաձևի նախագծի համաձայն՝ Խաղաղության խորհրդի նախագահ Դոնալդ Թրամփը ստանում է կազմակերպության ցանկացած մասնակցի իրավական իմունիտետը չեղարկելու իրավունք, եթե այդ որոշումը սատարի խորհրդի անդամների մեծամասնությունը։ Փաստաթուղթը թվագրված է 2026 թվականի հունիսով։

Խաղաղության խորհրդի գործադիր խորհուրդը բաղկացած է յոթ անդամից։ Թրամփից բացի, դրա կազմում են նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը և պետքարտուղար, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն։ Չնայած մի շարք պետությունների խոստումներին՝ միլիարդավոր դոլարներ հատկացնել Գազայի վերականգնման համար, այդ միջոցների մեծ մասը դեռ չի փոխանցվել, խոշոր պայմանագրեր դեռ չեն կնքվել։

Կազմակերպության ներկայացուցիչը հերքել է նման իմունիտետի համակարգի գոյության մասին պնդումները։

«Չկա որևէ գործող բանաձև կամ այն տեսակի իմունիտետի մեխանիզմ, որը նկարագրված է ձեր հարցերում… Ցանկացած պնդում, թե այս գործընթացը նպատակ ունի ստեղծել անօրինականություն կամ անպատժելիություն, սխալ է, մոլորեցնող և ամբողջությամբ խեղաթյուրում է հարցի էությունը», — նշվել է հայտարարությունում։

Ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահի՝ Գազայում իմունիտետ սահմանելու կամ չեղարկելու իրավունքի մասին պնդումը «լիովին կեղծ է»։ Նրա խոսքով՝ խորհուրդը կապահովի, որ բոլոր աշխատակիցները, կապալառուները և ներգրավված կազմակերպությունները պահպանեն օրենսդրությունը, սակայն վերահսկողության և հաշվետվողականության կոնկրետ մեխանիզմներ չեն բացահայտվել։

Գազայի հարցով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը ներկայում Կահիրեում հանդիպումներ է անցկացնում պաղեստինցի վարչարարների հետ, որոնք ընտրվել են հատվածի ապագա կառավարման համար։ The Guardian-ի աղբյուրի տվյալներով՝ քննարկվում է կառավարման մոդելի կատարելագործումը, սակայն RESOLUTION No 2026/3 վերնագրով բանաձևի նախագիծը դեռևս չի փոխանցվել պաղեստինյան կողմին։

Ամերիկյան պայմանագրային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում մասնագիտացած վեց իրավաբան պարբերականի խնդրանքով ծանոթացել է փաստաթղթին։ Նրանց կարծիքով, եթե բանաձևն ուժի մեջ մտնի, անհասկանալի կմնա, թե ինչ կերպ պետք է Խաղաղության խորհրդի պաշտոնյաները, զինծառայողները և կապալառուները պատասխանատվություն կրեն խաղաղ բնակիչների մահվան, գույքին վնաս պատճառելու կամ այլ միջադեպերի պարագայում։

Փորձագետների առանձնահատուկ մտահոգությունն առաջացրել է «Պատասխանատվություն երրորդ անձանց առջև» բաժինը, որը նախատեսում է, որ նյութական վնասի, մարմնական վնասվածքների, հիվանդությունների կամ մահվան վերաբերյալ բոլոր պահանջները, որոնք ծագել են Խաղաղության խորհրդի գործունեության ընթացքում, քննելու է հենց խորհուրդը։

«Կարծես սա փորձ է՝ ազատելու խորհուրդը և նրա ողջ անձնակազմին օրենքի հնարավոր խախտումների համար պատասխանատվությունից», — կարծում է միջազգային մարդասիրական իրավունքի մասնագետ Էմիլի Շեֆեր Օմեր-Մանը։

Ռաթգերսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Նուրա Էրաքաթը նշել է, որ փաստաթուղթը փաստացի ստեղծում է սեփական իրավական համակարգ։

«Նրանք, ըստ էության, ասում են, որ արտաքին որևէ վերահսկողություն, ներառյալ օկուպացիայի վերաբերյալ միջազգային իրավունքի կիրառելի նորմերը, չի լինելու։ Նրանք ստեղծում են իրենց սեփական իրավական համակարգը», — հայտնել է նա։

Պարբերականի տվյալներով՝ Գազայում աշխատելու հնարավորությունը դիտարկող կապալառուները նույնպես ավելի մեծ իրավական որոշակիության են ձգտում։ Խաղաղության խորհուրդն արդեն ընդունում է հայտեր՝ փլատակների մաքրման, անվտանգության ապահովման և հատվածի վերականգնման լայնածավալ ծրագրի իրականացման համար։ Ջարեդ Քուշները նախկինում հայտարարել էր Գազան շքեղ հանգստավայրերի, բարձր տեխնոլոգիական քաղաքների և տարածաշրջանային բիզնես կենտրոնների տարածքի վերածելու ծրագրերի մասին։

Բանաձևի նախագծի առանձին բաժինը նախատեսում է, որ Խաղաղության խորհրդին, Բարձր ներկայացուցչի գրասենյակին և միջազգային անվտանգության ուժերին «անվճար կտրամադրվեն պետական շենքեր և օբյեկտներ, որոնք անհրաժեշտ են Գազայում իրենց առաքելությունն իրականացնելու համար»։

Իրավաբանները զգուշացնում են, որ նման ձևակերպումը կարող է ճանապարհ բացել պաղեստինյան սեփականության բռնագրավման համար։ Ընդ որում՝ փաստաթուղթը չի հստակեցնում, թե կոնկրետ ով՝ Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը, թե Պաղեստինյան վարչակազմն է պարտավոր տրամադրել այդ օբյեկտները և ինչ պայմաններով։

Կապալառուների տեղեկություններով՝ Խաղաղության խորհուրդը ծրագրում է միջազգային ուժերի համար բազայի, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների կառուցում, որոնք պետք է ապահովեն Գազայում գործողությունների իրականացումը։ Միջազգային զորակազմը նախատեսվում է օգտագործել ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը նպաստելու համար՝ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի առանցքային կետերից մեկի շրջանակում։ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ կատարել հրադադարի համաձայնագրի հետագա դրույթները, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը պահպանում է սպառազինությունը։

Dawn իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Օմար Շաքիրը կարծում է, որ նախագծի դրույթները լուրջ հարցեր են առաջացնում։

«Միակողմանիորեն հայտարարելով, որ իրավունք ունի առանց համաձայնության, փոխհատուցման կամ բողոքարկման հնարավորության վերցնել պաղեստինյան հողերը, գույքն ու շենքերը սեփական օգտագործման համար, Խաղաղության խորհուրդը փաստացի փոխառություն է անում Իսրայելի կիրառած մեթոդներից։ Ցեղասպանության, ապարտեիդի և օկուպացիայի դադարեցման նշանների փոխարեն այս փաստաթուղթը կարող է ամրագրել դրանց ամենավիճահարույց որոշ գծերը», — հայտարարել է նա։

Իրավաբանները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ դեռևս անհասկանալի է, թե ինչ հիմքով Խաղաղության խորհուրդն ընդհանրապես կկարողանա օգտվել նման լիազորություններից։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը լիազորել է Խաղաղության խորհրդին կառավարել Գազայի հատվածը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ կանոնադրությունը որոշակի իմունիտետ է տրամադրում միայն դիվանագետներին և հենց կազմակերպության կառույցներին։ Փորձագետները նշում են, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք Խաղաղության խորհուրդը կարող է նմանատիպ երաշխիքներ տարածել իր սեփական աշխատակիցների վրա։

Նախագիծը նախատեսում է, որ բանաձևն ուժի մեջ կմտնի Նիկոլայ Մլադենովի կողմից ստորագրվելուց հետո։ Ընդ որում՝ Խաղաղության խորհուրդը չի պատասխանել այն հարցին, թե բարձր ներկայացուցչից բացի ուրիշ ով պետք է ստորագրի փաստաթուղթը։

«Ի վերջո, որքանո՞վ իրավական ուժ կունենա փաստաթուղթը, եթե այն ստորագրի միայն հենց խորհուրդը», — հարց է բարձրացնում Օմար Շաքիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *