Ի՞նչ է հետադարձ հիպոտեքը, ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից

Մենք ունենք Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով ներդրվում է երկու ինստիտուտ՝ հետադարձ հիպոթեքը և ամուսինների բացառիկ սեփականության իրավունքը։ Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

Հետադարձ հիպոթեքը, նրա խոսքով, վարկային պայմանագրի նոր տեսակ է, որն ունի սուբյեկտների կոնկրետ շրջանակ և օրենսդրությամբ նախատեսված հստակ կարգավորումներ։ «Այս փոփոխությունների ընդունման դեպքում կգործի հետևյալ մեխանիզմը․ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիները, եթե հանդիսանում են բնակելի անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն, ամառանոց և այլն) սեփականատեր և ցանկություն հայտնեն ստանալ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրվող վարկ, կկարողանան իրենց պատկանող անշարժ գույքը գրավադրել՝ որպես վարկի գծով ձևավորվող կուտակային պարտավորությունների ապահովում։ Նրանք իրենց կենդանության օրոք վճարումներ կստանան բանկից կամ վարկային կազմակերպությունից և միևնույն ժամանակ պարտավորված չեն լինի մարել այդ գումարները»,- նշել է Ղազարյանը։

«Հետադարձ հիպոթեք» տերմինն ինքնին, ինչպես նշել է պաշտոնյան, որոշակիորեն բացահայտում է այս հայեցակարգի էությունը։ Այսպես, եթե գործող կարգավորումներով վարկային պայմանագիր կնքելիս և գույքը գրավադրելիս քաղաքացին պարտավոր է ամենամսյա վճարումներ կատարել բանկին՝ մարելով տոկոսներն ու մայր գումարը, ապա այս դեպքում բոլոր պարտավորությունները կսկսեն մարվել միայն քաղաքացու մահվանից հետո։

«Ինչ վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին, ապա մեզ հայտնի է, որ օրենքի համաձայն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը։ Ընդ որում՝ անկախ նրանից, թե կոնկրետ ով է այն ձեռք բերել և ում անունով է ձևակերպված սեփականության իրավունքի վկայականը։ Եթե ամուսիններից մեկը մահանում է, ժառանգությունը փոխանցվում է հետևյալ սկզբունքով. գույքի 50%-ը՝ որպես համատեղ սեփականություն, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մնացած 50%-ը բաշխվում է մյուս ժառանգների միջև»,- պարզաբանել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *