Էրդողանը զանգահարել է Գերմանիայի կանցլերին. ի՞նչ է պահանջում Անկարան Եվրոպայից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

Թուրքիան ակնկալում է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովում կցուցաբերվի հաստատակամ քաղաքական կամք՝ ուղղված Եվրոպայի պաշտպանության ամրապնդմանը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Թուրքիայի նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ առաջնորդները քննարկել են Անկարայի և Բեռլինի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակաուղղված է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով այս ուղղությամբ փոխադարձ քայլերի շարունակականության կարևորությունը:

«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից ակնկալում է ուժեղ կամքի դրսևորում՝ ՆԱՏՕ-ի հենքի վրա Եվրոպայի սեփական պաշտպանության ամրապնդման և տրանսատլանտյան կապի պահպանման ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմը կայուն խաղաղությամբ ավարտելու համար: Նրա խոսքով՝ Անկարան աշխատում է բանակցությունների վերսկսման և դիվանագիտական գործընթացի ակտիվացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովը Անկարայում կկայանա 2026 թվականի հուլիսի 7-8-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *