Անձնագրերի վերաբերյալ հարցն է ՍԴ-ն դռնփակ քննելո՞ւ. մեկնաբանում է պաշտոնյան

Դռնփակ ռեժիմով ՍԴ նիստի բովանդակության վերաբերյալ, ես հիմա դժվար, թե ձեզ ինչ-որ տեղեկատվություն հայտնեմ. դռնփակ նիստի ռեժիմով տեղեկատվություն ես ձեզ չեմ հայտնելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 30–ին, ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՍԴ դռնփակ նիստում անձնագրերի հետ կապված հարցեր են քննարկվելու։

Անդրադառնալով նրան, որ ՍԴ դիմող քաղաքական ուժերը ներկայացնում էին, որ շուրջ 100 000 անձնագրերի հետ կապված խնդիր է եղել, Ղազարյանն ասաց. «Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված անձնագրի ընթերցելու հարցը տեխնիկական սարքի միջոցով։ Խոսքը 79215 դեպքի մասին է, երբ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենաընթեռնելի հատվածը։ Դա բնական, նորմալ երևույթ է և կարող եմ նշել, որ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որ արձանագրվել է։

Եթե նայեք 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, թեկուզ Սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ այդ թիվը 109 000-ից ավել է եղել։ Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե՛ սարքի մեջ, թե անձը հաստատող փաստաթղթի վրա, պարզապես այդ մեքենաընթեռնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։

Շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում և ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն այդ սարքի հնարավորությունը, դա հավելյալ երաշխիք և հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում»։

Հարցին՝ ի՞նչ տպավորություն ունի արդեն 5–րդ օրը շարունակվող ՍԴ քննարկումից, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Հուսամ հնարավորինս շուտ կավարտվի, կվերադառնանք մեր աշխատանքին, որովհետև ժամանակը բավականին երկար է տևում։ Իսկ տպավորությունը շատ հետաքրքիր է»։

Ինչ վերաբերում է ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հրավիրելու միջնորդությանը, քանի որ վերջինս հայտարարել է, որ ընդդիմության ընտրողների 7-8 տոկոսը կաշառքով է կատարել իր ընտրությունը, ՆԳ փոխնախարարն ասաց. «Ես այդ միջնորդության առնչությամբ կարող եմ նշել, որ մենք չենք առարկել այդ միջնորդությանը, ընդամենը այդքանը»։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *