Էրդողանի նոր մրցակիցն Անկարայի ընդդիմադիր քաղաքապետն է

Թուրքական «ASAL Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2026-ի հունիսի 6-ից 14-ն անցկացված «Թուրքիայի քաղաքական օրակարգի հետազոտություն» սոցհարցման արդյունքները։

Սոցհարցման մասնակիցներին տրվել է «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել Թուրքիայի ղեկավարի պաշտոնում» հարցը։ Պատասխանների տոկոսային հարաբերությամբ՝ վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 26%-ը (2026-ի հունվարին այս ցուցանիշը կազմում էր 23․2%)։

Երկրորդ հորիզոնականում Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Մանսուր Յավաշն է, ում վարկանիշը կայուն աճ է գրանցում։ Ի տարբերություն 2026-ի հունվարի 14%-ի՝ այժմ Յավաշի օգտին քվեարկելու ցանկության մասին նշել է հարցվածների 17․4%-ը:

Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ կալանքի տակ գտնվող ԺՀԿ-ական գործիչ Էքրեմ Իմամօղլուի վարկանիշն էլ տարեսկզբից ի վեր նվազման միտում ունի․ հունվարի 11․3%-ից այն նվազել է մինչև 9․2%։ Նա համարվում էր նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը:

Ի տարբերություն Իմամօղլուի՝ զգալի առաջընթաց է գրանցել «ԺՀԿ»-ի ընտրված առաջնորդ Օզգյուր Օզելը, ով դատարանի որոշմամբ դադարել է գլխավորել կուսակցությունը և պնդումների համաձայն՝ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել։ Եթե ապրիլյան հարցումների ժամանակ նրա օգտին քվեարկելու մասին նշել էր հարցվածների 6․2%-ը, ապա այժմ նրա օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 8%-ը:

Աղբյուր՝ Yeni Çağ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *