«Լեքսուս Երևան»–ը ներկայացրեց ճապոնական առաջին պաշտոնական էլեկտրամոբիլները Հայաստանում

Երևանում կայացավ տարվա ամենասպասված և նորարարական ավտոմոբիլային միջոցառումներից մեկը։ «Տոյոտա Երևան» ընկությունը հանրությանը պաշտոնապես ներկայացրեց ճապոնական արտադրության առաջին լիովին էլեկտրական քրոսովերները՝ Lexus RZ-ի երկու նոր մոդիֆիկացիաները։

Շնորհանդեսն անցավ «Ավանդույթը հանդիպում է ապագային» կարգախոսի ներքո։ Ճապոնական կատարելության փիլիսոփայությունն ու շունչն զգացվում էին ամենուր՝ հյուրասիրությունից մինչև հյուրընկալների ավանդական հագուստը։

Սա բացառիկ իրադարձություն է հայաստանյան ավտոշուկայի համար, քանի որ առաջին անգամ է, երբ ճապոնական արտադրության էլեկտրական մեքենաները երկիր են ներմուծվում և ներկայացվում պաշտոնական դիլերի կողմից։

«Մեր վերջին հանդիպման ժամանակ ես խոստացել էի, որ մոտ ապագայում մեզ անակնկալներ են սպասվում, և այսօր այդ օրն է։ Արդեն կարելի է պաշտոնապես հայտարարել, որ «Տոյոտա Երևան»–ը ներկայացնում է ամբողջությամբ էլեկտրական ճապոնական արտադրության Lexus RZ քրոսովերը»,– լրագրողների հետ զրույցում նշեց «Տոյոտա Երևան»–ի գլխավոր տնօրեն Արամայիս Մայրապետյանը։

Lexus-ը մշտապես եղել է ճշգրտության, բարձր վարպետության և մանրուքների նկատմամբ անթերի ուշադրության խորհրդանիշ։ Նոր էլեկտրական քրոսովերը հայկական շուկայում հասանելի կլինի երկու տարբերակով՝ Lexus RZ 500e և RZ 350e։ Երկուսն էլ համալրված են 77 կՎտժ հզորությամբ մարտկոցներով։ RZ 350e-ի դեպքում 100% լիցքավորմամբ ապահովվում է 500 կմ իրական վազք։ Իսկ RZ 500e -ի դեպքում, որը ավելի հզոր է իր ձիաուժով, մեկ լիարժեք լիցքավորմամբ իրական ընթացքը կազմում է մոտ 450 կմ։

Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ նոր Lexus RZ-ը հեղափոխություն է անելու շուկայում։ «Ամենաէական առավելությունն այն է, որ մեքենան մաքուր ճապոնական արտադրության է։ Այն մարդիկ, ովքեր լոյալ են մեր բրենդին, արդեն իսկ բարձր են գնահատել այս մոդելը։ Վստահ եմ, որ այս մեքենայի ի հայտ գալով մենք կոտրելու ենք էլեկտրական մեքենաների մասին եղած կարծրատիպերը և ցույց ենք տալու դրա բացարձակ առավելությունները բոլոր մրցակիցների նկատմամբ»,– նշեց «Լեքսուս Երևան» սրահի վաճառքի խորհրդատու Վլադ Պողոսյանը։

Շնորհանդեսի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու մեքենայի ֆուտուրիստական դիզայնին, շքեղ սրահին և տեխնիկական պարամետրերին։ Բոլոր պոտենցիալ գնորդներին, ովքեր ցանկանում են անձամբ զգալ ճապոնական նորագույն էլեկտրամոբիլի հզորությունն ու հարմարավետությունը, «Լեքսուս Երևան»–ը հրավիրում է կատարելու փորձնական վարում՝ test-drive: Մանրամասն պայմաններին և տեխնիկական բնութագրերին ծանոթանալու համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական սրահ, որը գտնվում է Ադմիրալ Իսակովի պողոտա 22 հասցեում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *