ՍԴ որոշումից հետո կխոսենք. Հովակիմյանը հարցերի չի պատասխանում

Ես կխոսեմ Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՍԴ–ում ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը։

«Իմ ակնկալիքները ես իմ եզրափակիչ ելույթում հնչեցրել եմ, վերջ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն պնդում էր, որ երեք ընտրատեղամասում պետք է վերաքվեարկություն իրականացվեր, ինչո՞ւ ԿԸՀ–ն այդ խնդրահայրուց ընտրատեղամասերում չարեց վերաքննարկություն, Հովակիմյանն ասաց. «Կրկնում եմ, որ ԿԸՀ–ն իր տեսակետը ներկայացրել է թե՛ բացատրություններով, թե՛ նաև եզրափակիչ ելույթով։ Կխոսենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի և կտեսնենք՝ ում փաստարկներն են ճիշտ, ումը՝ սխալ։

Ձեր և մնացած բոլոր հարցերին Սահմանադրական դատարանում տրվել է շատ տրամաբանական պատասխաններ, և ՍԴ որոշումից հետո նոր մենք կասենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանն էր ճիշտ, թե՞ դիմումատուի դիմումը։

Այդ երեք ընտրատեղամասերում որևէ քաղաքական ուժ որևէ ձայն չի ունեցել, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի, այդ արդյունքները զրո են։ Այն խախտումները, որ արձանագրվել են, ընտրական օրենսգիրքն ասում է, որ նման դեպքերում այդ տեղամասում միակ թիվը անճշտությունների թիվն է, որը հավասար է մասնակցության թվին։ Այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տեղամասում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Հենց սա է ընտրական օրենսգրքի պահանջը, սա իմ ասածը չի»։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել և մինչև այսօր շարունակվում էր ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ 

Այսօր քննությունն ավարտվեց և ՍԴ–ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որ վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *