
Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։
«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։ Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս նեղուցի միշտ բաց մնալուն»,- ասել է նա։ Սակայն այժմ, պաշտոնյայի խոսքով, «անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ»։ Տարածաշրջանում ձևավորված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև անվտանգ անցումն ապահովելու և բնապահպանական հարցերի տեսանկյունից»։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հորմուզի նեղուցը միշտ կմնա խաղաղության և կայունության նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, և ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն տեղում առկա իրականությունը, ընդունեն արդար, հավասարակշռված և իրավահավասար պայմաններ [համապարփակ կարգավորման համար]: Այսինքն՝ եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեկ այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,- հավելել է Խաթիբզադեն։