Հայաստանում մարդկանց ճնշող մեծամասնության համար էական նշանակություն ունի աշխատանքի վարձատրության չափը՝ անկախ արտերկրից ստացվող ֆինանսական միջոցներից։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏307,631, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2․9%-ով։
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հարկ է ընդգծել, որ խոսքը վերաբերում է աշխատավարձի միջին մակարդակին և դրա անվանական մեծությանը։
Իրական աշխատավարձերը զգալիորեն ցածր են՝ բոլոր հնարավոր սոցիալ‑տնտեսական հետևանքներով։
Այս համատեքստում դիտարկենք միջին ամսական անվանական աշխատավարձերի մակարդակը Երևանում և ՀՀ մարզերում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է ֏355,563։ Վերջինս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2․5%-ով։
Մարզերում առավելագույն միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքում՝ ֏345,048։ Այն նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 13%, ինչը հանրապետությունում ամենաբարձր աճն է։
Նվազագույն միջին ամսական անվանական աշխատավարձ արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ ֏150,437։ Սա 2025թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է 2․8%-ով։
Ամենափոքր աճը՝ 1․3%, դիտվել է Կոտայքի մարզում, կազմել է ֏194,445։
Այսպիսով, թեև որոշ մարզերում արձանագրվել է անվանական աշխատավարձերի նկատելի աճ, ընդհանուր պատկերում աշխատավարձերի դինամիկան մնում է չափազանց համեստ՝ հատկապես հաշվի առնելով գնաճի և կենսապահովման ծախսերի աճը։