Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան


Բիզնես


Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան: Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է  «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30 տոկոսը  ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, և դա կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում հանգեցնել էլեկտրական հզորությունների դեֆիցիտի: 

«Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանն է ունենալ մեծ կամ միջին հզորության կայան, մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի էներգիայի առաջիկա պակասը տասնամյակներ շարունակ: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին միջուկային էներգետիկայի մասնագիտական ներուժի առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»,-նշել է  Լիխաչովը: Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունները բարձրացնել մոտ 10 տոկոսով:

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում են հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները, որից հետո Հայաստանը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Հայաստանի կառավարությունը որոշել է, որ նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային, իսկ նման ատոմակայանի կառուցման շուրջ Երևանը բանակցություններ է վարում 5 երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *