Ինչպե՞ս մեկ հպումով պաշտպանվել ֆինանսական զեղծարարներից. Հայաստանում գործարկվել է «Stop» գործիքը

Հայաստանում հուլիսի 1-ից մեկնարկել է ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնող «Stop» գործիքը։ Այսուհետ յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն պարտավոր է իր բջջային հավելվածում ունենալ այս գործառույթը, որը թույլ է տալիս քաղաքացիներին արագ արգելափակել ցանկացած ֆինանսական գործարք։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը հայտնեց, որ գրեթե բոլոր բանկերն արդեն ներդրել են այս գործիքն ու իրազեկել հաճախորդներին։ Ավելին՝ արդեն իսկ կան բազմաթիվ օգտատերեր։

«Քաղաքացին կարող է ծառայությունները բլոկավորել թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին՝ ըստ իր կարիքների։ Օրինակ՝ եթե արգելափակում եք օնլայն վարկ ստանալու հնարավորությունը, ապա այլևս չեք կարողանա օգտվել դրանից, քանի դեռ անձամբ չեք այցելել բանկ և չեք ապաբլոկավորել այն»,- պարզաբանեց Մկրտչյանը։

Ի՞նչ ծառայություններ է հնարավոր արգելափակել «Stop»-ի միջոցով.

  • Այլ անձանց կատարվող փոխանցումներն ու վճարումները,
  • Քարտից քարտ փոխանցումները,
  • Առցանց գնումներն ու վճարումները,
  • Քարտի կապակցումը էլեկտրոնային նոր դրամապանակներին կամ սարքերին,
  • Նոր վարկերի ստացումը,
  • Ավանդի վաղաժամկետ դադարեցումը կամ գումարի հեռավար կանխիկացումը,
  • Նոր հաշվի բացումը կամ նոր քարտի թողարկումը։

ԿԲ ներկայացուցիչը հորդորում է՝ եթե կասկածելի զանգ եք ստացել և հասկացել, որ զեղծարարները ձեռք են բերել ձեր հավելվածի տվյալները, պետք է վայրկյանների ընթացքում ակտիվացնել «Stop»-ն ու արգելափակել բոլոր գործարքները, իսկ հետո միայն դիմել բանկ՝ պարզաբանումների համար։

Մտահոգիչ վիճակագրություն. 2025 թվականի պատկերը

Թեև այլ երկրների համեմատ Հայաստանում ցուցանիշները դեռ փոքր են, միտումները մտահոգիչ են։ Միայն 2025 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է ֆինանսական զեղծարարության 1102 դեպք, ինչի հետևանքով քաղաքացիներին հասցված վնասը կազմել է 876 մլն դրամ։ Հատկանշական է, որ դեպքերից 643-ի ժամանակ զեղծարարները քաղաքացիների անունով օնլայն վարկեր են ձևակերպել՝ խաբեությամբ կորզելով նրանց բանկային հավելվածների տվյալները։

ԿԲ հորդորը քաղաքացիներին

Արմենուհի Մկրտչյանն ընդգծեց, որ նոր գործիքը զգալիորեն կնվազեցնի ռիսկերը, սակայն խնդիրը հնարավոր չէ զրոյացնել, քանի որ խաբեության մեխանիզմները մշտապես կատարելագործվում են։ «Անձնական տվյալները մի՛ փոխանցեք ուրիշներին, մի՛ սեղմեք անծանոթ հղումներին։ Վստահեցնում եմ՝ ԱԱԾ-ից, Կենտրոնական բանկից կամ Կառավարության աշխատակազմից ձեզ երբեք չեն զանգահարի և չեն խնդրի հրատապ ֆինանսական քայլեր անել։ Եղե՛ք ուշադիր և զգոն»,- եզրափակեց նա։

Կենտրոնական բանկի “ստոպ” գործիքը՝ պաշտպանություն կեղծ ֆինանսական գործարքներից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *