ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն Իրանի դեմ պատերազմը թույատրելու շուրջ քվեարկությունը Կոնգրեսում հարկ չի համարում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Կոնգրեսում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվության (AUMF) վերաբերյալ քվեարկության անցկացումը: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ հիմնական ջանքերն այժմ կենտրոնացած են արդեն մի քանի ամիս շարունակվող հակամարտության «կարգավորման» վրա:

«Գլխավոր հրամանատարը և ամբողջ Ռազմական նախարարությունը տքնաջան աշխատում են դա կարգավորման հասցնելու ուղղությամբ: Բազմաթիվ քննարկումներ են ընթանում, թե կոնկրետ ինչպես է դա արվելու: Մենք բոլորս, բնականաբար, ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, – հայտարարել է խոսնակը՝ հավելելով.- Չեմ կարծում, թե ռազմական ուժի կիրառման թույլտվությունն այժմ նպատակահարմար է: Ըստ իս, մենք պետք է հասնենք կարգավորման»:

Նա ամերիկացի զինծառայողների վերջերս տեղի ունեցած մահը «մեծ ողբերգություն» է անվանել՝ կրկին ընդգծելով, որ վարչակազմն «աշխատում է շուրջօրյա՝ հակամարտությունը լուծելու համար այնպիսի եղանակով, որպեսզի խուսափեն անձնակազմի շրջանում հետագա կորուստներից», հաղորդում է CNN-ը:

Ջոնսոնը երկար ժամանակ պնդում էր, որ Կոնգրեսը պետք է Թրամփի վարչակազմին գործողությունների լայն ազատություն տրամադրի հակամարտությունը վարելու և իրանական ռեժիմի ղեկավարության հետ բանակցություններ վարելու հարցում: Նա միաժամանակ զերծ էր մնում «պատերազմ» եզրույթն օգտագործելուց, իսկ մարտին վստահություն էր հայտնել, որ Իրանում ԱՄՆ գործողությունները կավարտվեն «սեղմ ժամկետներում»:

Պատասխանելով CNN-ի հարցին այս անցյալ հայտարարությունների վերաբերյալ՝ խոսնակը նշել է, որ «գլխավոր ցավոտ հարցը» Թեհրանի գործողություններն են:

«Լսե՛ք, իրանցիներին չի կարելի վստահել: Սրանում էլ է խնդիրը, – հայտարարել է նա: – Ամեն անգամ, երբ մեզ թվում է, թե հասնում ենք որևէ լուծման, նրանք գրեթե ակնթարթորեն խաթարում են բանակցությունների սեղանի շուրջ հակառակ կողմի վստահությունը: Հենց այդ պատճառով էլ մենք նման հիասթափություն ենք ապրում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *