Հայաստանում նախատեսվում է պարզեցնել նորակառույց բնակարանների ձեռքբերման ընթացակարգը։ Կառավարության հուլիսի 23-ի նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը քաղաքացիներին հնարավորություն կտա անշարժ գույք գնել հեռավար եղանակով՝ առանց նոտար այցելելու կամ լիազորագիր ձևակերպելու։
Ինչպե՞ս է գործելու նոր համակարգը․
- Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կներդրվի հատուկ ձևանմուշ։ Հիփոթեքային վարկով բնակարան գնելիս գնորդը, կառուցապատողն ու բանկը հեռավար կնքելու և վավերացնելու են եռակողմ պայմանագիրը։
- Քանի որ բանկը նախապես ստուգում է գնորդի ֆինանսական կարողություններն ու վարկունակությունը, էլեկտրոնային պայմանագիրը կնքելուց հետո հենց բանկն այն կներկայացնի պետական գրանցման:
- Նոր ընթացակարգը հավասարապես հասանելի է լինելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող գնորդների համար։
Ինչպես նիստի ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, այս փոփոխությունը ոչ միայն էապես պարզեցնում է գործընթացը՝ հանելով նոտարական վավերացման պահանջը, այլև արտացոլում է թվային տեխնոլոգիաների հանդեպ աճող վստահությունը։