Եվրամիությունը պատրաստ կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը որոշի չեղարկել եվրոպական ապրանքների համար սահմանված 15-տոկոսանոց մաքսատուրքերի մասին համաձայնագիրը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Politico թերթը։
Մարտին Եվրոպական խորհրդարանը վավերացրել էր ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որը 15% մակարդակում հաստատում է ԵՄ ապրանքների նկատմամբ ամերիկյան միակողմանի մաքսատուրքերը և պարտավորեցնում է դաշինքին 750 միլիարդ եվրոյի ամերիկյան էներգառեսուրսներ գնել մինչև 2028 թվականի վերջը։ Ավելի վաղ Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն այս շաբաթ նոր մաքսատուրքեր սահմանել մոտ մեկ տասնյակ երկրների նկատմամբ։
Politico-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենսենը ԵՄ երկրների դեսպաններին հայտնել է, որ ԱՄՆ-ից ակնկալում է պայմանավորվածությունների պահպանում։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի խախտման դեպքում Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։