Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությունը կառուցված է փոխշահավետության սկզբունքի վրա. Էլչին Ամիրբեկով

Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսը նպատակաուղղված է նրան, որ տարածաշրջանում կառուցվող բոլոր կապերն ու իրականացվող նախագծերը լինեն փոխշահավետ յուրաքանչյուր կողմի համար։ Այս մասին ադրբեջանակն Report լրատվամիջոցի թուրքական բյուրոյին ասել է հատուկ հանձնարարություններով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկումների ժամանակ շեշտվել է նման հայեցակարգի նկատմամբ դրական մոտեցման կարևորությունը՝ երկարաժամկետ և լայնածավալ համագործակցության համար։

Նա նաև մատնանշել է Թուրքիայի հետ համագործակցության բարձր արդյունավետությունը՝ միաժամանակ հավելելով, որ չպետք է մոռանալ Վրաստանի մասին։ Ըստ նրա՝ Ադրբեջանից Վրաստանով դեպի Թուրքիա և հետո Եվրոպա անցնող երթուղիները հիմք են հանդիսանում տրանսպորտային, լոգիստիկ և էներգետիկ ոլորտների կարևորագույն նախագծերի համար։

Անդրադառնալով տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցությանը՝ Ամիրբեկովը նշել է, որ երկիրը կարող է օգտվել «win-win» (փոխշահավետության) սկզբունքից՝ խաղաղության գործընթացի արդյունքում։

«Հայաստանի միացումը խաղաղության գործընթացին և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը կարևոր նշանակություն ունեն։ Միայն այդ դեպքում Երևանը կկարողանա օգուտ քաղել և ինտեգրվել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը։ Հավատում եմ, որ այս առումով 2026 թվականը կլինի վճռորոշ», — եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *