Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) անցած գիշեր Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 390 անօդաչու թռչող սարք են արձակել, որոնցից 81-ը քաղաքին մոտենալիս խոցվել է ՀՕՊ ուժերի կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա տվյալներով՝ հարձակումը տևել է տասը ժամ՝ նախորդ օրվա ժամը 20:30-ից մինչև 6:30-ը։ «Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – նշել է Սոբյանինը՝ առանց հարձակման հետևանքների վերաբերյալ մանրամասներ հայտնելու։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ անօդաչուներից մեկն ընկել է Չեխով քաղաքի Զեմսկայա փողոցի բազմահարկ շենքերից մեկի վրա։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։ Բացի այդ, ըստ պաշտոնական հայտարարության, «բաց տարածքում ավտոդողեր են բռնկվել»։ Astra-ի՝ ականատեսների տեսանյութերի հիման վրա անցկացրած վերլուծության համաձայն՝ հրդեհը բռնկվել է Չեխովի վերամշակման գործարանի տարածքում։ Գործարանը մասնագիտացված է մաշված ավտոդողերի, ռետինե փշրանքների և ռետինատեխնիկական տարբեր ապրանքների վերամշակման մեջ։ Ձեռնարկության տվյալներով՝ այն ոլորտի խոշորագույն ռուսական արտադրողներից մեկն է։ Վորոբյովի փոխանցմամբ՝ «մի քանի տասնյակ անօդաչուներ» էլ խոցվել են Դոմոդեդովոյի, Պոդոլսկի, Ռամենսկոյեի և Կոլոմնայի երկնքում։ Իսկ Կոլեդինո գյուղում, ինչպես պարզել է Astra-ն, հրդեհվել է 3PL անկախ լոգիստիկ ընկերության պահեստը, որի կողքին է գտնվում նաև Wildberries-ի բաշխիչ կենտրոնը։ Վերջինս աշխատում է սովորական ռեժիմով, հայտնել են մարկետփլեյսի մամուլի ծառայությունից։
Անօդաչուների զանգվածային հարձակման ֆոնին Մոսկվայի մարզում գործել է անօդաչու թռչող սարքերի վտանգի ռեժիմ։ ԱԻՆ-ը տարածաշրջանի բնակիչներին հորդորել է մնալ տանը, չմոտենալ պատուհաններին կամ պատսպարվել ապաստարաններում։ «Եթե գտնվում եք փողոցում կամ տրանսպորտային միջոցում, պատսպարվեք շենքերում, ստորգետնյա անցումներում կամ ավտոկայանատեղիներում», – ասված է ԱԻՆ մարզային վարչության հաղորդագրության մեջ։ Բացի այդ, բնակիչներին զգուշացրել են շարժական ինտերնետի հնարավոր ընդհատումների մասին։ Մայրաքաղաքային երեք օդանավակայանները՝ «Վնուկովոն», «Ժուկովսկին» և «Դոմոդեդովոն», թռիչքների սահմանափակումներ են մտցրել։