Հայաստանում տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ։ Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ուղղակի վճարմամբ՝ առանց էլեկտրոնային աճուրդին մասնակցելու։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ Կառավարության որոշմամբ լրացվել են մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի չափորոշիչները, ինչից հետո ՆԳ նախարարի հրամանով սահմանվել են դրանց հատկացման հստակ գները։
Փոփոխությունները չեն վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերին։ Դրանք (օրինակ՝ հինգ զրոյով կամ չորս զրոյով ու մեկ այլ թվով համադրությունները) ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հնարավոր է ձեռք բերել բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Նոր չափորոշիչները վերաբերում են միայն մեծ պահանջարկ ունեցող այն համադրություններին, որոնք նախկինում ընդգրկված չէին այդ ցանկում, սակայն հետաքրքրություն էին ներկայացնում քաղաքացիների համար։
Նոր չափորոշիչները և գնային տիրույթը
Նոր չափորոշիչներով համարանիշերի կառուցվածքը կլինի հետևյալը.
- Համարանիշի մի կողմում լինելու են զրոներ՝ ֆիզիկական անձանց համար 2 զրո, իսկ իրավաբանական անձանց համար՝ 3 զրո։
- Մյուս կողմի 3 թվերը կարող են լինել նույնը (օրինակ՝ 111) կամ երեք թվից երկուսը կարող են կրկնվել (օրինակ՝ 121)։
- Լատինական տառերը կարող են լինել ինչպես միևնույնը, այնպես էլ տարբեր։
Ընդհանուր առմամբ, մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նվազագույն գինը սկսվում է 60 հազար դրամից և հասնում մինչև 8 միլիոն դրամի, սակայն նոր ավելացված չափորոշիչները գտնվում են 250 հազարից 8 միլիոն դրամ գնային հատվածում։
Ձեռքբերման և պահպանման կանոնները
Այս համարանիշերը հատկացվելու են ուղիղ ձեռքբերման (գնման) տրամաբանությամբ․ քաղաքացին տրանսպորտային միջոցի հաշվառման ընթացքում վճարում է սահմանված արժեքը և ստանում համարանիշը։
Նոր համարանիշերի նկատմամբ գործելու են նույն կանոնները.
Ավտոմեքենան հաշվառումից հանելուց հետո համարանիշի օգտագործման իրավունքը 6 ամիս պահպանվում է ձեռքբերողի անունով։
Այդ ընթացքում սեփականատերը կարող է համարանիշը տեղադրել իր մեկ այլ մեքենայի վրա կամ փոխանցել մերձավոր ազգականին։
Եթե 6 ամսվա ընթացքում համարանիշը չի օգտագործվում, այն վերադառնում է ազատ համարանիշերի ցանկ և կարող է ձեռք բերվել այլ անձի կողմից։