Վաշինգտոնի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ Կիևի համար նախկինում հաստատված 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փոխանցումը նախատեսում է ավարտել 2028 թվականի հոկտեմբերի սկզբից մինչև 2029 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսին Պենտագոնը նամակ է հղել Կոնգրեսին՝ հստակեցնելով գումարների ծախսման ժամանակացույցը։ Փաստաթղթից պարզ է դարձել, որ վարչակազմը մտադրված է օգնության հատկացումն ավարտել 2029 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում ավարտվում է սեպտեմբերի վերջին։ Օրենքի համաձայն՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Կոնգրեսի որոշ անդամներ դժգոհություն են հայտնել՝ համարելով, որ օգնության տրամադրումը չափազանց դանդաղ է ընթանում։
Հոդվածում նշվում է, որ օգնության այդ փաթեթից 200 միլիոն դոլարը նախատեսված է Ուկրաինային զենք ու զինամթերք տրամադրելու, շուրջ 100 միլիոն դոլարը՝ տարբեր տեխնիկայի ու պահեստամասերի, իսկ ևս 100 միլիոն դոլարը՝ ռազմական բեռների փոխադրման ծառայությունների համար:
ԱՄՆ սենատոր, Իլինոյս նահանգից դեմոկրատ Դիկ Դըրբինը հուլիսի 21-ին հայտարարել է, որ վարչակազմը հրաժարվում է Կիևին փոխանցել 400 միլիոն դոլարի օգնությունը, չնայած այն հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ նա նշել է, որ այդ հարցով որոշումն, ամենայն հավանականությամբ, կկայացնի հաջորդ նախագահը: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը, որը լսումների ընթացքում պատասխանում էր օրենսդիրների հարցերին, ըստ էության, չի մեկնաբանել և չի հերքել Դըրբինի հայտարարությունը:
ԱՄՆ սենատոր, Կենտուկկի նահանգից հանրապետական Միտչ ՄաքՔոնելը ապրիլի 29-ին The Washington Post թերթում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական նախարարությունը ձգձգում է Կիևին Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի տրամադրումը: ՄաքՔոնելի խոսքով՝ ռազմական գերատեսչությունն անտեսել է նաև Սենատի իրավասու հանձնաժողովների համապատասխան հարցումները: Օրենսդրի գնահատմամբ՝ այս օգնության յուրացման գործընթացի ձգձգման հիմնական պատասխանատուն Փիթ Հեգսեթի՝ քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին է: