Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել Եվրամիությանը միանալու հարցով երկրում հանրաքվե անցկացնելու ճշգրիտ ժամկետը․ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, ճշգրիտ ժամկետ չի նշվել», – նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանը նշել է հանրաքվեի հնարավոր ժամկետը։
«Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։