Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումը Զելենսկու համար նոր ռազմական օգնության հասնելու լավագույն հնարավորություն է. FT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի Սպիտակ տանը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կիևում կարծում են, որ ամերիկյան առաջնորդը սկսել է շատ ավելի բարյացակամորեն վերաբերվել ուկրաինական դիրքորոշմանը, քան նախկինում, գրում է Financial Times պարբերականը։

Ըստ Զելենսկու խորհրդականների և Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրի՝ այդ հանդիպումը գուցե Ուկրաինայի նախագահի համար Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությանը հասնելու և Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերն աշխուժացնելու լավագույն հնարավորությունը դառնա։

Օվալաձև կաբինետում անցկացված լարված հանդիպումից 17 ամիս անց, որը քիչ էր մնում հանգեցներ Վաշինգտոնի և Կիևի հարաբերություններում լուրջ ճգնաժամի, Զելենսկին ակնկալում է Թրամփի հետ բարելավված անձնական հարաբերությունները կոնկրետ ռազմական և քաղաքական աջակցության վերածել։

Ըստ Բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ աղբյուրների՝ Զելենսկու համար կարևոր է չբարդացնել խոսակցությունը և համոզել Թրամփին, որ Ուկրաինային աջակցելը բխում է ԱՄՆ-ի շահերից։ Բացի դրանից, ուկրաինական կողմը մտադիր է շեշտը դնել հաջողության հետ ասոցացվելու Թրամփի ձգտման վրա։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից քիչ առաջ Զելենսկին Financial Times-ին պատմել էր, որ Թրամփը բարձր է գնահատել հեռահար հարվածային անօդաչուներով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված ուկրաինական հարվածները՝ դրանք անվանելով «շատ հաջողված»։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ինքը զգում է, որ ԱՄՆ առաջնորդը սկսել է նորովի նայել պատերազմին։

«Նախագահ Թրամփն ուզում է լինել այնտեղ, որտեղ հաջողություն կա։ Դա կապված է ոչ միայն նրա անձի, այլև մոտեցող ընտրությունների, նրա կարգավիճակի և այն բանի հետ, թե ինչպես է նա տեսնում այս պատերազմի ավարտի հնարավորությունը»,- ասել է Զելենսկին։

Նոր համաձայնություններ և անձնական հարաբերություններ

Ինչպես հիշեցնում է FT-ն, Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը համաձայնել էր Ուկրաինային տրամադրել Patriot համալիրների համար զենիթային որսիչ-հրթիռների արտադրության հավաստագիր՝ բավարարելով Կիևի առանցքային ցանկություններից մեկը։

Ուկրաինայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները նշում են, որ Զելենսկին միշտ անձնական հանդիպումները համարել է Թրամփին համոզելու ամենաարդյունավետ միջոցը։

Ինքը՝ Ուկրաինայի նախագահը, խոստովանում է, որ իրենց միջև հարաբերությունները զգալիորեն բարելավվել են անցյալ տարվա ապրիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ ունեցած կարճատև զրույցից հետո։ Սակայն 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց ընդհարման ստվերը դեռևս կուղեկցի ներկայիս բանակցություններին։

Թրամփի հետ հանդիպումից բացի, Զելենսկին մտադիր է մասնակցել ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի ամենահետևողական աջակիցներից մեկի՝ սենատոր Լինդսի Գրեմի հիշատակի արարողությանը, որը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ին՝ Կիևից վերադառնալուց անմիջապես հետո։

Ուկրաինային աջակցող որոշ հանրապետականների կարծիքով՝ Գրեմի մահը կարող է դրդել Թրամփին ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ և նպաստել Մոսկվայի դեմ պատժամիջոցների մասին նոր երկկուսակցական օրինագծի առաջմղմանը։

Ներքաղաքական բարդ իրավիճակը և դիրքորոշումների փոփոխությունը

Զելենսկու այցն ընթանում է քաղաքական բարդ ժամանակաշրջանում։ Ուկրաինայում շարունակվում են կառավարության և ռազմական ղեկավարության կազմում լայնածավալ փոփոխությունները, ներառյալ պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի փոփոխությունը։ Ըստ FT-ի՝ այս կադրային որոշումները պետք է նոր լիցք հաղորդեն ռազմական գործողություններին, թեև միևնույն ժամանակ հարցեր են առաջացրել բուն Զելենսկու քաղաքական որոշումների վերաբերյալ։

Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահը մտադիր է նաև կոչ անել Վաշինգտոնին. մեծացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա,  արագացնել Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարումները, ընդլայնել համագործակցությունը սպառազինությունների արտադրության ոլորտում։

Իր հերթին, Թրամփը ճնշման տակ է իր իսկ վարչակազմի ներսում գտնվող տարբեր խմբերի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ նա սկսել է ավելի հաճախ քննադատել փոխզիջման գնալու Պուտինի դժկամությունը և ավելի դրական է գնահատում ուկրաինական բանակի հաջողությունները, «Ամերիկան առաջին հերթին» (America First) ճամբարի նրա աջակիցների մի մասը շարունակում է դեմ արտահայտվել Կիևին տրամադրվող երկարաժամկետ աջակցությանը։

Ըստ պարբերականի՝ տրամադրությունների փոփոխության անսպասելի վկայություն է դարձել ծայրահեղ աջակողմյան ակտիվիստ Լորա Լումերը, որը նախկինում քննադատում էր Ամերիկայի օգնությունն Ուկրաինային և ռուսամետ թեզեր կրկնում։

Անցյալ շաբաթ նա այցելել է Կիև, հանդիպել Զելենսկու և ուկրաինացի պաշտոնյաների հետ, ուսումնասիրել երկրի պատմությունը և ականատես դարձել ռուսական հրթիռային հարվածներին։ Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ նրա հայացքների փոփոխությունը կազդի նաև անձամբ Թրամփի վրա։ Զելենսկու հետ Լումերի հարցազրույցից հետո ԱՄՆ նախագահն այդ զրույցը հրապարակել է իր սոցիալական ցանցում՝ գրառումն ուղեկցելով կարճ մեկնաբանությամբ. «Շա՛տ լավ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *